Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարել են
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Վիլեն Գաբրիելլյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությունը հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Վիլեն Գաբրիելյանն ապրիլի 1-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը, հակառակ դեպքում ՀՀ ԱԺ նախագահը դադարեցնում է նրա պատգամավորական լիազորությունները։ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավորական մանդատը կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ հերթական համարի թեկնածուն՝ Արշակ Օրդուխանյանը։
Մարտի 30-ին Գյումրիում ավագանու ընտրությունների ընթացքում Վիլեն Գաբրիելյանի մասնակցությամբ մի քանի միջադեպ էր արձանագրվել։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ Գաբրիելյանը ոչ սթափ վիճակում է։ Նա աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով, վիրավորել էր իրեն մոտեցած լրագրողներից մեկին։