Քաղաքականություն

Քաթարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը. դեսպան

2 րոպեի ընթերցում

Քաթարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին փետրվարի 23-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթիին՝ իր առաքելության իրականացման գործում, և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին նշել է, որ Քաթարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը, և վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկուստեք շեշտվել է, որ երկկողմ համագործակցության զարգացման համար առկա է էական ներուժ: Այս համատեքստում անդրադարձ է արվել փետրվարի 7-ին Մյունխենում Հայաստանի և Քաթարի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Երկուստեք կարևորվել է‪‎Երևան-Դոհաօդային հաղորդակցության հաստատումը, որը, ըստ կողմերի, կնպաստի գործարար կապերի, զբոսաշրջության զարգացմանը: Քննարկվել են իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և‪ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Դեսպան Ալ Սուլայթը Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Քաթարի ԱԳ նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյահի՝ Դոհա այցելելու հրավերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում