Մարզային

Արարատի մարզում նշվեց Գիրք նվիրելու օրը

3 րոպեի ընթերցում

Արարատի մարզում նշվեց Գիրք նվիրելու օրը

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Խոնարհվիր գրքին, որ բարձրանաս նրանով» խորագրով հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Արարատի մարզի Զանգակատուն համայնքում` Պարույր Սեւակի տուն-թանգարանում: Միջոցառմանը ներկա էին սահմանամերձ վեց համայնքների` Զանգակատան, Տիգրանաշենի, Լուսաշողի, Լանջառի, Պարույր Սեւակի եւ Երասխի համայնքապետները, դպրոցների տնօրենները, որոնց նվիրաբերվեց շուրջ 120 կտոր արժեքավոր գրականություն:

Միջոցառումը բացեց Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը` շնորահավորելով ներկաներին Գրքի տոնի առթիվ: Նա անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմական հարուստ անցյալին` ընդգծելով գիր ու գրականության անփոխարինելի դերը մարդու, հատկապես` երիտասարդի կայնքում:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ: «Ավանդական դարձած այս միջոցառուման նպատակն է երիտասարդների մեջ սեր արթնացնել գրականության նկատմամբ եւ վերականգնել գիրք ընթերցելու երբեմնի հաճելի եւ կարեւորագույն սովորույթը»,-ընդգծեց նա:

Միջոցառման ընթացքում Պարույր Սեւակի անվան դպրոցի աշակերտներն ասմունքեցին, հնչեցրեցին նաեւ գիր ու գրականության վերաբերյալ թեւավոր խոսքեր ու աֆորիզմներ, հանդես եկան ազգագրական պարերով:

Օրվա կապակցությամբ, մինչ Զանգակատուն մեկնելը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցները Գիրք նվիրելու օրվա առիթով մարզպետին նվիրեցին հայ դասականների գործեր: Իսկ մարզպետարանի բակում Համահայկական երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի մի խումբ երիտասարդ կամավորներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ ավելի քան 60 կտոր գրականություն նվիրաբերեցին պատահական անցորդներին, գրադարանի աշխատակիցներին, բուժաշխատողներին:

Հայաստանում փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր` ՀՀ գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում