Շատվանում ուզում են ազատվել փողոցից ջուր կրելու սովորույթից
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի 238 տնտեսություններից մոտ 150-ը իրենց բնակարաններում չունեն խմելու կամ կենցաղային օգտագործման ջրի ծորակ եւ իրենց կարքիները հոգալու համար հարկադրված են այն կրել մոտիկ ծորակներից կամ աղբյուրներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, հարցը կարգավորելու համար համայնքը 2011 թվականից տվել է իր համաձայնությունը՝ ջրամատակարարման համակարգը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարմանը հանձնելու խնդրանքով, որի շրջանակում էլ Շատվանում տեսնում են խնդրի կարգավորումը:»Դրա համար հարկավոր կլինի կառուցել մոտ 8-9 կիլոմետր երկարությամբ ներքին ցանց եւ կարգավորել ջրամատակարարման արտաքին ցանցի սպասարկումը, որն իրականացվում է Սոթքում տեղակայված զորամասի հետ համատեղ: 1800 մետր երկարությամբ արտաքին ցանցը նորոգել ենք մեր ուժերով 2006 թվականին պոլիէթիլենային150 միլիմետր տրամագիծ ունեցող խողովակներով, ներքին ցանցի գործող մասն էլ` կառուցել 1992 թվականին: Արտաքին ցանցի շահագործման հետ կապված խնդիր ունենք, քանի որ Սոթքի զորամասում ջուրն օգտագործվում է չկանոնակարգված, ինչի հետեւանքով մեզ սպասարկող ցանցում ընկնում է մատակարվող ջրի ճնշումը: Հույսով դեռ սպասում ենք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն վերջապես մեր գյուղում էլ կիրականացնի ներքին ցանցի կառուցման եւ արտաքին ցանցի սպասարկման կարգավորման աշխատանքներ, ինչի արդոյւնքում մարդիկ կազատվեն դրսից ջուր կրելու հարկադրանքից, կբարելավեն իրենց կենցաղը, մյուս կողմից էլ կսովորեն խնայողաբար օգտագործել ջուրը, երբ կսկսեն վճարել սպասարկման դիմաց ըստ ջրաչափերի ցուցմունքի»-նշեց համայնքի ղեկավարը:
ԽոսրովԽլղաթյան