Ծաղկունքում «Աղաջանյան եղբայրներ» հիմնադրամն աջակցում է նորածին երեխաների ընտանիքներին
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում «Աղաջանյան եղբայրներ» հիմնադրամը 2008 թվականից միանվագ դրամական աջակցություն է սահմանել բոլոր նորածին երեխաների ընտանիքներին: Աջակցությունը շարունակվելու է նաեւ 2015 եւ հաջորդ տարիների ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծաղկունքի գյուղապետ Պետիկ Աղաջանյանը, 2014 թվականին գյուղում լույս աշխարհ են եկել 13 երեխա, որոնց ընտանիքիներին «Աղաջանյան եղբայրներ» հիմնադրամի կողմից հատկացվել է 30-հազարական դրամ գումար: «Տարեկան մեր համայնքում ծնվում է միջինը 15 երեխա, եւ վերջին յոթ տարին ավելի քան 100 նորածին երեխաների ընտանիքներ հիմնադրամի կողմից ստացել են աջակցության գումարները: Ծրագիրը կլինի շարունակական: Հիմնադրամը բարեգործական հիմունքներով իր ներդրումը կունենա գյուղում իրականացվող սոցիալ-տնտեսական ամենատարբեր ծրագրերում»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Իսկ Ծաղկունքի գյուղապետարանը, դարձյալ սկսած 2008 թվականից, միանվագ դրամական օգնություն է սահմանել համայնքի մահացած անդամների ընտանիքներին: 2014 թվականին Ծաղկունքում գրանցվել է մահվան 5 դեպք:
ԽոսրովԽլղաթյան