Դդմաշենում տեղադրվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար-հուշարձան
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում մինչեւ այս տարվա ապրիլի կեսերը վեր կբարձրանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար-հուշարձանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը, այն տեղադրվելու է Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհված դդմաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանների կողքին: Արդեն կառուցված է պատվանդանը, հուշարձան-խաչքարը՝ պատվիրված: Բազալտակուռ հուշարձանն ունենալու է 90 սանտիմետր լայնություն, 2 մետր 72 սանտիմետր բարձրություն: Տարածքում կիրականացվեն նաեւ ծառապատման եւ կանաչապատման աշխատանքներ: Հուշարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքներն իրականացվում են Դդմաշենի գյուղապետի անձնական միջոցների հաշվին:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է խնկարկել ու վառ պահել յուրաքանչյուր հայկական շենում, հոգով ու սրտով աղոթել մեր անմեղ նահատակների համար ու յուրաքանչյուր զոհի կամ չծնվածի դիմաց սերմանել, տնկել, կառուցել ու ստեղծել, քանի դեռ մեր ազգը չի գտել արդար հատուցման իր ժամը»,-նշեց համայնքի ղեկավարը:
ԽոսրովԽլղաթյան