2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեսակետներն է հայտնել ներքաղաքական իրավիճակի առնչությամբ: Նա հարցազրույց է տվել 2rd.am կայքին` անդրադառնալով փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցված քննադատությանն ու դրանից հետո ստեղծված իրավիճակին: «Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով և դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Քոչարյանը:
Նրա կարծիքով` եթե սպասվում էր, որ այդ քննադատությամբ ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան արդյունքը չստացվեց ռադիկալացնելով ընդդիմության բառապաշարը:
Մատնանշելով դեպքերի զարգացման հնարավոր սցենարները` Քոչարյանը փորձել է կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա:
Նա կոչ է արել զերծ մնալ «ռեպրեսիվ մեթոդներից»` մտավախություն հայտնելով, որ դրանք կարող են երկարատև ճգնաժամ առաջացնել: