3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովասարցի ազգագրագետ եւ մանկավարժ, «Ծովասար» երկրագիտական թանգարանի հիմնադիր Դերենիկ Գեւորգյանը Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից դեպի հարավ, Գեղամա լեռնաշղթայի փեշերին գտել է հնագույն հղկված հսկա աղացքար եւ լեռնային ճանապարհի հետքեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, աղացքարը գտնվել է ծովի մակերեւույթից մոտ 2500 մետր բարձրության վրա, «Կոջի ձոր» կոչվող տարածքի աղբյուրից մոտ 50 մետր ներքեւ: Մեծ ու կարծր ժայռաբեկորի վերեւի մասը հղկել են այնքան, որը բավարար է երկու հոգով նրա վրա դրված աղացքարը պտտելու համար: «Աղացքարի համար նախատեսված փոսը լցված էր հողով եւ սառույցի շերտով: Երբ հղկված քարը մաքրեցի սառույցից ու տիղմից եւ լվացի աղբյուրի ջրով, այն փայլեց իր ողջ գեղեցկությամբ: Երկանքի կամ աղացքարի կենտրոնում նկատվեց այն անցքը, որտեղ ժամանակին ամրացրել են ամուր փայտից պատրաստված ձողը, որպեսզի երկրորդ քարը վերեւում պտտվի համաչափորեն, անարգել եւ չհարվածի կողեզրերին, իսկ կողքին արված փոսը, ինչպես պատկերված է լուսանկարում, նրա համար է, որ աղացված ձավարը կուտակվի այդ փոսի մեջ:
Երկրորդ աղացքարը զուր էր որոնել, քանի որ տարածքն ամբողջությամբ ձյունածածկ էր, ուստի մեր որոնումները կշարունակվեն ձնհալից հետո: Աղացքարիրց մոտ 200 մետր ներքեւ, ձորապռնկին, հայտնաբերեցի քարե սանդ, որի մեջ ժամանակին մարդիկ ձավար են ստացել ցորենը ծեծելու միջոցով: Ծովասարի «Ջոջ դար» կոչվող սարից դեպի հյուսիս-արեւմուտք , Կարաուլ սարի հետեւում կա մի գերեզմանոց, որը զբաղեցնում է մոտ կես հեկտար տարածք, որտեղ պահպանվել է նաեւ հնագույն դամբարանադաշտ: Այդ հատվածում պահպանվել են նաեւ սայլի ճանապարհի հետքեր: Ճանապարհն անցել է Ծովասար, Ծակքար, Երանոս, Գեղարքունիք գյուղերի սարերով՝ Գեղամա լեռնաշղթայի փեշերով ու ձորերով եւ հասել մինչեւ Սեւանա լճի ափին գտնվող Բերդկունք գյուղ, որն եղել է առեւտրական քարավանային ճանապարհների հանգույց: Սարերով մոտ 15 կիլոմետր ձգվող քարավանային այդ ճանապարհի վրա եղել են բազմաթիվ բնակատեղիներ եւ անասնապահների ամառանոցային ժամանակավոր կացարաններ: Այնպես որ, մեր տարածքները իրենց սրտում պահում են բազմաթիվ հնագույն գաղտնիքներ, որոնք ուսումնասիրման լուրջ կարիք ունեն»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դերենիկ Գեւորգյանը:
Խոսրով Խլղաթյան