Տարածաշրջանային

Թուրքիայում նոր գիրք է հրատարակվել Ադանայում հայկական ջարդերի մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում նոր գիրք է հրատարակվել Ադանայում հայկական ջարդերի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հրատարակվել է «1909 թ. Ադանայի կոտորածը. երեք զեկույց» գիրքը, որը պատմում է 1909 թվականին Ադանայում սկսված, հետո Զեյթունում եւ Քիլիսում շարունակված 20 հազարից ավելի հայերի կոտորածի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 կայքը, գիրքն օսմաներեից թարգմանել, խմբագրել եւ «Արաս» հրատարակչությունում հրատարակել է Արի Շեքերյանը: Գիրքն օսմաներենով հրատարկվել էր ականատեսների պատմած իրական պատմություննների հիման վրա: Թուրք ընթերցողները ներկայում հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական այդ ջարդերը վերապրածների հուշերին:

Օսմանյան կայսրությունում եւ աշխարհում քննարկման առարկա դառնալուց անմիջապես հետո Կարապետ Չալյանը, Արթին Ասլանյանը եւ Հակոբ Պապիկյանը երեք կարեւոր զեկույց են պատրաստել, որոնք 106 տարի անց առաջին անգամ ներկայացվում են թուրքերենով: Հեղինակների ողբերգական կենսագրությունները դրանք ավելի հետաքրքիր են դարձնում: Գրքում 40-ից ավելի լուսանկարներ կան, որոնք արվել են այդ շրջանում:

Գրքի թուրքական տարբերակի նախաբանը գրել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:

Ուշագրավ հանգամանք է այն, որ հայկական ջարդերից հետո օսմանյան մեջլիսից Ադանա գործուղված հետազոտական խմբի միակ ներկայացուցիչ Հակոբ Պապիկյանը զեկույցը ներկայացնելուց մեկ օր հետո մահացել է կասկածելի հանգամանքներում: Ադանայում երիտթուրքական «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության հիմնադիրներից Կարապետ Չալյանը սպանվել է 1920 թվականին: Արթին Ասլանյանն էլ մերժել է վկայություն տալ ջարդերի մասին եւ փախել Եգիպտոս, որտեղ էլ գրել է զեկույցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում