Իրավունք

Հայաստանում թմրամիջոցների դեպի Թուրքիա տարանցման անդրազգային հանցավոր խմբավորում է բացահայտվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանում թմրամիջոցների դեպի Թուրքիա տարանցման անդրազգային հանցավոր խմբավորում է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների` ՀՀ տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութը տարանցիկ չվերթներով՝ ուղեբեռում հատուկ հարմարեցված թաքստոցներում, Պերուի, Արգենտինայի քաղաքացիների կողմից տեղափոխվում էր Հայաստան, փոխանցվում հանցավոր խմբավորման Բուլղարիայի, Լիբանանի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ցամաքային կամ օդային ճանապարհով փորձում էին ՀՀ-ից արտահանել Թուրքիա:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից բացահայտվել և կասեցվել է Սան-Պաուլո-Աբու-Դաբի-Երևան տարանցիկ չվերթով ՀՀ ժամանած Պերուի քաղաքացիներ Կորդովա Կորդովա Ալեքսանդրի և Ֆլորենս Ալվարդո Մարիա Միրզաի կողմից 2,7 կգ մաքուր քաշով«կոկաին» տեսակի թմրանյութի ՀՀ ներկրման փորձը:

Փետրվարի 9-ին նույն չվերթով ՀՀ ժամանած Արգենտինայի քաղաքացի Ալեջանդրո Ջոել Տոռեսի մոտ հայտնաբերվել էր 2,6 կգ մաքուր քաշով «կոկաին» տեսակի թմրանյութ:

Փետրվարի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում Բուլղարիայի քաղաքացիներ՝ ազգությամբ արաբներ, Մալեկ Աբաս Ղարիբի և Ալ Շահեր Հասան Աբդոյի մոտ հայտնաբերվել է մոտ 4,8 կգ «կոկաին» տեսակի թմրանյութ, որը վերջիններս փորձում էին Երևան-Ստամբուլ չվերթով արտահանել Թուրքիա:

Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում