ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաբբլ» ուղեծրային աստադիտարանն ստացել է Մեծ Արջի համաստեղության SDSS J1038+4849 գալակտիկաների կուտակման բավականին արտասովոր լուսանկարների շարք: Այն հիշեցնում է «սմայլիկ» նշան՝ շնորհիվ տարածական կորացման, որն աստղային համակարգերի ձգողականության ուժերի փոխներգործության արդյունք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, տվյալ կուտակումը գիտնականների կողմից նկատվել էր դեռ 2008թ.` ռուս և ամերիկացի գիտնականների համատեղ աշխատախմբի կողմից:
Դեռ այն ժամանակ գիտնականները ուշադրություն էին դարձրել անսովոր կուտակմանը և այն անվանել էին «Չեշիրի կատու», որը աստղագետների հաշվարկներով կազմված է չորս բաղադրիչներից, որոնցից երկուսը գտնվում են իրարից 5միլիարդ լուսային տարի հեռավորության վրա, իսկ մյուսները՝ 7,6 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա:
Նմանատիպ «սմայլեր» կամ «կատուներ» տիեզերքում առաջանում են այն բանի շնորհիվ, որ հեռավոր գալակտիկաների լույսը մինչև Երկիր մոլորակ հասնելը հաճախ անցնում է մի խումբ ձգողականական «ոսպնյակներով», որտեղ հսկայական մարմինների, սև մատերիաների և գալակտիկաների ձգողական ուժերը ձեւափոխում են լույսի ճառագայթները: