Ավտոմեքենան չպարզված հանգամանքներում հայտնվել է Դեբեդ գետում
1 րոպեի ընթերցում
![Ավտոմեքենան չպարզված հանգամանքներում հայտնվել է Դեբեդ գետում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/793387.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախթալա-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Փետրվարի 9-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղպատ-Ախթալա ավտոճանպարհի մոտ 10 կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 06ՏՕ157 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում, ինչից ավտոմեքենայի վարորդ՝ Բ.Ա.-ն արգելափակվել էր ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: