3 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ« 9 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 2015 թվականի ներկայացումների մեկնարկն ազդարարեց առաջնախաղով: Հանդիսատեսի դատին փետրվարի 8-ին ներկայացվեց Վինյա Դելմարի /Ալվինա Քրոթեր/ "Հիշիր վաղվա օրը" մելոդրաման՝ երկու գործողությամբ: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումն իրականացրել է Ռաֆայել Գրիգորյանը« նկարչական ձևավորումը և զգեստները` Անտոն Քեշիշյանը, գլխավոր դերերում են թատրոնի վաստակաշատ դերասաններ Անահիտ Հարությունյանը, Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բեմադրության հեղինակը, ներկայացումը սթափեցող ահազանգ է երիտասարդ սերնդին, ստիպում է մտածել վաղվա օրվա մասին:
Կինոսցենարիստ Վինյա Դելմարն այս գործն ստեղծել է ֆիլմի համար, որն էլ նկարահանվել է ԱՄն-ում 1937 թվականին: Կինոսցենարը առաջին անգամ թատրոնում ներկայացնելու փորձ կատարվել է Մոսկվայում ՝ հայտնի ռուս բեմադրիչ Անատոլի Էֆրոսի կողմից: Ի դեպ, ժամանակին այս գործին անդրադարձել է նաև Վարդան Աճեմյանը: Բեմադրությանն արդիականություն ու մերօրյա շունչ տալու համար որոշակի շեղումներ և բեմադրական նորամածություններ են կատարվել, այդ թվում` նաև նոր կերպարների ներմուծում: «Հեռանալով ֆաբուլայից` մեզ հաջողվել է գործը դարձնել մեր ժամանակին համահունչ, քանի որ ներկայացման մեջ արծարծված խնդիրները միշտ արդիական են: Եթե այն հուզում է հանդիսատեսին, ուրեմն ժամանակակից ու արդիական է: Եթե հանդիսատեսը հուզվեց ու խորհեց, ուրեմն մենք ճիշտ ենք: Սցենարում եղած դյուրազգացությանը մենք ավելացրել ենք նաև «հաստատակամություն». բարձրացված հարցերը ճիշտ են դրված, և այդ հարցերի պատասխաններն էլ ավելի հաստատուն պետք է լինեն»,-նշեց ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ հանդիսատեսը կգտնի այդ հարցերի պատասխանները:
Ներկայացման ավարտին հանդիսատեսն, անշուշտ, գտավ այդ հարցերի պատասխաններն այնպես, ինչպես ակնկալում էին աճեմյանցիները, յուրաքանչյուրն իր մեջ ու իր սրտում գտավ այդ պատասխանները:
Գյումրեցի հանդիսատեսն այս անգամ էլ ընդունեց ու ջերմ ծափերով շնորհավորեց սիրելի թատերախմբի առաջնախաղը՝ սպասելով նորերին:
Արմենուհի Մխոյան