Խճանկար

Google-ի շահույթն ու հասույթը չեն արդարացրել շուկայի սպասելիքները

2 րոպեի ընթերցում

 Google-ի շահույթն ու հասույթը չեն արդարացրել շուկայի սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն ինտերնետ-կորպորացիան՝ Google-ը, 2014 թվականի չորրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել Է 40,8 տոկոսով՝ հասույթի 15 տոկոս աճի ֆոնին, սակայն արդյունքները շուկայի սպասելիքները չեն արդարացրել արդեն հինգերորդ եռամսյակն անընդմեջ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի տեղեկագրին, հոկտեմբեր - դեկտեմբերին կորպորացիայի զուտ շահույթն ավելացել Է մինչեւ 4,76 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 6,91 դոլար՝ 2013 թվականի նույն ժամանակամիջոցում ստացված 3,38 միլիարդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 4,95 դոլարի համեմատությամբ:

Եռամսյակային հասույթը 15,7 միլիարդ դոլարից ավելացել Է մինչեւ 18,1 միլիարդ դոլար: Ինտերնետ-տրաֆիկի ձեռքբերման ծախսերը կազմել են 3,62 միլիարդ դոլար, դրանց պահումից հասույթը հավասարվել Է 14,48 միլիարդ դոլարի:

Thomson Reuters-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները Google-ի սրբագրված շահույթը միջին հաշվով կանխատեսել Էին մեկ բաժնետոմսի դիմաց 7,11 դոլար՝ 18,46 միլիարդ դոլար հասույթի դեպքում:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ 2014 թվականի չորրորդ եռամյակում գովազդային քլիքի միջին արժեքը նվազել Է 3 տոկոսով:

Google Inc.-ը Միացյալ Նահանգների ինտերնետ-կորպորացիա Է, որն աշախարհում ժողովրդականությամբ առաջին՝ Google որոնողական համակարգի սեփականատերն Է: comScore-ի վիճակագրության համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով Google-ը վերահսում Էր համաշխարհային որոնողական շուկայի 62,8 տոկոսը: Բացի ինտերնետ-որոնիչից, Google-ն ունի աշխարհում ամենահանրաճանաչ YouTube տեսահոստինգը, Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցիալական ցանցը: Ընկերությունը շարժական սարքերի համար Android գործառնական համակարգի մշակողն Է: Google-ի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ ֆոնդային սակարանում: Ընկերության կապիտալացումը կազմում Է 346,4 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում