Մարզային

Սգո երթեր եւ մոմավառություն Արարատի մարզում

2 րոպեի ընթերցում

Սգո երթեր եւ մոմավառություն Արարատի մարզում

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուս զինծառայողի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների հիշատակը հարգելու նպատակով երեկվանից մարզկենտրոն Արտաշատում սկսված մոմավառությունը շարունակվում է նաեւ այսօր: Արտաշատցի երիտասարդները մոմերով երթը սկսեցին մարզկենտրոնի Կույս Վարվառա մատուռի մոտից եւ շարժվեցին դեպի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն: Ընթացքում երթին միացան նաեւ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանց հետ էին նաեւ մարզի «Համալսարանական կրթությամբ ասոցիացիա» ՀԿ անդամները:

Տիրում էր համատարած լռություն: Դա յուրօրինակ, խոսուն լռություն էր` Ավետիսյան ընթանիքի սպանդի կապակցությամբ, ինչպես նաեւ արդարության պահանջի արտահայտություն: Մշակույթի կենտրոնի աստիճանների վրա վառվող մոմերը նաեւ ցավի, վշտի, ափսոսանքի, ոճրագործությունները մերժելու պահանջ էին ու բողոք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկու օր շարունակ Վերին Արտաշատի Սուրբ Մարիամ Աստվածածին, ինչպես նաեւ Մրգավանի Սուրբ Հակոբ, Բուրաստանի նույնանուն եկեղեցիներում տարածաշրջանի բնակիչները, երիտասարդները մոմեր վառեցին եւ խնկարկեցին Ավետիսյանների հիշատակին:

Մասիսի տարածաշրջանի բնակիչները սգո արտահայտությունը, իրենց վիշտը արտահայտեցին Նորաբաց համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` համայնքապետ Գալուստ Գալստյանի ղեկավարությամբ:

Ոճրագործության զոհերի հիշատակը հարգեցին նաեւ մարզի Արարատի տարածաշրջանի երիտասարդները: Նրանք մոմերով քայլերթ կատարեցին դեպի Խոր Վիրապ եկեղեցի: Այնտեղ էին Եղեգնավան, Լուսաշող, Գոռավան, Վանաշեն համայնքների բնակիչները: Երիտասարդներին միացել էին նաև մեծահասակները: Բոլորի լուռ պահանջը մեկն էր. հաղթի արդարությունը, պատժվի մեղավորը:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում