Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Գյումրիի և Երևանի միջադեպերի առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել դեկտեմբերի 15-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները` խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանությունը, բացառապես օրենքով նախատեսված միջոցների կիրառմամբ, ապահովել է նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: 2015թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում, Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք:

Ոստիկանության ներկայացուցիչները հավաքի մասնակիցներին մի քանի անգամ կոչ են արել իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքներն իրացնելիս ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներ և հակաիրավական այլ գործողություններ կատարելուց: Այդուհանդերձ, երթին միացած մի խումբ անձինք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև դիմադրություն ցույց տվել հավաքի բնականոն ընթացքն ապահովելուն և հասարակական կարգի պահպանությանն ուղղված իրենց պարտականությունները կատարող ոստիկաններին: Բազմաթիվ զգուշացումներից հետո, բացառապես առանձին անհատների հակաիրավական վարքագիծը և դրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու և այդ անձանց մեկուսացնելու միջոցով հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու նպատակով, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել զսպիչ և խափանող բնույթի նվազագույն միջոցներ, որի արդյունքում հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների իրավաչափ պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել հավաքի մի շարք մասնակիցներ:

Ցավոք, հնարավոր չի եղել խուսափել նաև բախումներից, որոնց արդյունքում վնասվածքներ են ստացել հավաքի մասնակիցներ և ոստիկաններ: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության հրապարակից, իրավախախտում կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք: ՀՀ ոստիկանությանը հետագայում ևս հանրությանը կտրամադրի լրացուցիչ կամ նոր տեղեկատվություն»:

Հայերեն Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար