Էրդողանը` զավեշտի, մենիշխանության ու Հայոց ցեղասպանության ժխտման «նոր մոտեցումների» կիզակետում. տարին ամփոփ
13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես նախորդող, այնպես էլ անցնող տարին Թուրքիայում բուռն զարգացումների և իրադարձությունների ժամանակաշրջան էր: Էրդողան-Գյուլեն հակամարտությունը, երկրում խիստ գրաքննության կիրառումը, նախ ՏԻՄ, ապա նախագահական ընտրությունները, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության նոր մոտեցումները, Հռոմի պապի պատմական այցը և Էրդողանի կողմից «Ամերիկայի հայտնագործումը» մի քանիսն էին այն զարգացումներից, որոնք բնորոշ էին 2014 թվականի Թուրքիային: «Արմենպրես»-ը փորձել է ամփոփել անցնող տարին Թուրքիայում` առանձնացնելով ամենահիշարժան դեպքերն ու իրադարձությունները:
Էրդողան-Գյուլեն հակամարտություն. մի ձախողված համագործակցության պատմություն
Թուրքիայում 2014 թվականը սկսվեց նախորդ տարվա դեկտեմբերից մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» գործի շուրջ քննարկումներով: Իշխանական շրջանակների մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն գործողությունների բացահայտման ֆոնի ներքո այս տարի ավելի արտահայտիչ դարձավ Էրդողան-Գյուլեն հակամարտությունը: Տարեսկզբին թուրքական իշխանական շրջանակները քայլեր ձեռնարկեցին իրավական դաշտում հարթելու խնդիրը և կարողացան այս անգամ էլ «ջրից չոր դուրս գալ»: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հակամարտությունը չդադարեց օրակարգային լինելուց: Արդեն 2014 թվականի վերջին իշխանական շրջանակները փորձեցին լռեցնել գյուլենականներին պատկանող մի շարք ԶԼՄ-ների՝ ձերբակալելով և «պետական դավադրության» մեջ մեղադրելով նրանց գլխավոր խմբագիրներին և լրագրողներին:
2014 թվականը` Թուրքիայում ընտրությունների տարի
Անցնող տարին քաղաքական առումով որոշիչ էր Թուրքիայի համար: Գարնանը երկրում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում վստահ հաղթանակ տարավ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` ստանալով ձայների 43.39 տոկոսը:
Արդեն ամիսներ անց՝ օգոստոսին, Թուրքիայի քաղաքացիները պատմության մեջ առաջին անգամ ընտրեցին երկրի նախագահին: Ինչպես և ակնկալվում էր՝ Էրդողանը ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթեց՝ դառնալով Թուրքիայի 12-րդ նախագահը: Ի դեպ, Էրդողանը խախտեց հանրապետական պատմության ավանդույթը՝ հրաժարվելով նախագահական Չանքայայի պալատից, որն իրականում Ցեղասպանության ժամանակ հայկական Քասաբյան ընտանիքից խլված սեփականություն էր: Փոխարենը նա տեղափոխվեց հատուկ իր համար ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլարով կառուցված և աշխարհում ամենամեծը համարվող նոր պալատ, որն իր արժողությամբ հավասար էր 137 նորակառույց դպրոցի:
Նոր նախագահի ընտրությամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի թափուր մնացած պաշտոնին նշանակվեց նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով դարձավ նաև երկրի վարչապետը: Որպես ուշագրավ զարգացում պետք է առանձնացնել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայազգի մտավորական Էթյեն Մահչուպյանի նշանակումը, ով առաջին հայն էր, որ նման բարձր պաշտոն զբաղեցրեց հանրապետական Թուրքիայում:
Քաղաքական այս տեղաշարժերը, սակայն, որևէ առանցքային փոփոխություն չմտցրին երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգում՝ ավելի ուժեղացնելով միայն «Արդարություն և զարգացում» կուսակցության մենիշխանությունը երկրում:
Հրանտ Դինքի դատավարության թնջուկը մնում է չլուծված
Հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը 2014-ին սկսվեց զրոյից: Հոկտեմբերին դատարանի կայացրած որոշմամբ բոլոր ամբաստանյալների դեմ դատական գործընթաց սկսվեց «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Ավելի ուշ երկրի արդարադատության նախարարությունը որոշում կայացրեց վերացնել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց չհետապնդելու մասին նախկին որոշումը:
«Փափուկ ժխտողականություն» Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական ժխտողական քաղաքականությունը 2014-ին նոր մեկնաբանություն ստացավ: «Փափուկ ժխտողականություն». Էրդողանի՝ հայերին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձից հետո շատ մասնագետներ հենց այսպես սկսեցին բնութագրել Անկարայի որդեգրած նոր քաղաքականությունը Ցեղասպանության հարցի նկատմամբ: «Նոր փաթեթավորմամբ» մատուցվող քաղաքականության բովանդակության մեջ, սակայն, անցնող տարում էլ փոփոխություններ չեղան: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, տարբեր հարթակներից խոսելով հայերի հետ «ընդհանուր ցավը կիսելու պատրաստակամության մասին», կտրականապես ժխտեցին Ցեղասպանության փաստը՝ առաջ քաշելով խնդրի ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ չարչրկված առաջարկները: Ավելին, հայերի նկատմամբ ատելությամբ լցված թուրքի կերպարը նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հաստատեց Էրդողանը, ով ուղիղ եթերում հաղորդման ժամանակ հայտարարեց. «Ինձ վրացի են ասել: Կներեք իհարկե, բայց դրանից վատ էլ է եղել, նրանք ինձ հայ են անվանել»: Այս հայտարարությունը բնականաբար խիստ բացասական ընդունվեց՝ շատերի կողմից հայտարարվելով որպես Թուրքիայի հայ քաղաքացիներին ուղղված վիրավորանք: Միաժամանակ սա ահազանգ էր այն բանի, որ թուրքական պետական շրջանակները որևէ նոր մոտեցում չունեն հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ:
Նոյեմբերին Թուրքիայում գործող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սեբահաթ Թունջելը մի օրինագիծ ներկայացրեց թուրքական մեջլիս, որով նախատեսվում էր, որ երկրի նախագահը պետք է ներողություն խնդրի Ցեղասպանության համար: Ավելին, առաջարկվում էր ապրիլի 24-ը սգո օր հայտարարել և ամրագրել օրացույցում: Մեծ աղմուկ հանած այս օրինագիծը, սակայն, մնած առկախված, իսկ դրա դրույթները՝ որպես երևակայական իրականության ցանկալի դրվագներ:
Օլանդի այցը Թուրքիա և Հայոց ցեղասպանության հարցը
Սեփական պատմության ամենացավոտ էջերի հետ հաշտվելու համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությանն առերեսվելն արդեն վաղուց դարձել է անհրաժեշտ հրամայական: Պատահական չէ, որ այս հարցը 2014 թվականին քննարկվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարած այցելության ժամանակ:
Հռոմի պապը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով
Նոյեմբերի վերջին Թուրքիա մեկնեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ դառնալով կաթոլիկ աշխարհի 4-րդ առաջնորդը, ով այցելում է այդ երկիր:
Էրդողանը՝ Թուրքիայում զավեշտի թիվ մեկ դեմք
Այս տարի Թուրքիայի նախագահ Էրդողանն աչքի ընկավ անհեթեթ հայտարարությունների շարքով, որոնք անմիջապես դառնում էին ծաղրանքի առարկա: Մասնավորապես, Էրդողանը նոյեմբերին Լատինական Ամերիկայի մուսուլման կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկան հայտնագործել են մահմեդական ծովայինները:
Մարդու իրավունքները ոտնահարող պետություն՝ Թուրքիա
2014-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում առկա անիրավության մթնոլորտի պայմաններում երկրի քաղաքացու ցանկացած խոսք կարող է պտտվել իր իսկ դեմ և դառնալ քրեական պատժի առիթ: Այս տարի ևս Էրդողանը «չդավաճանեց իր ավանդույթներին» և մի քանի տասնյակ քրեական գործեր հարուցեց տարբեր մասնագիտությունների, տարիքի, սեռի տեր քաղաքացիների դեմ «իր անձը վիրավորելու» հիմնավորմամբ: 2014-ին մի քանի հարյուր թուրք քաղաքացիներ ձերբակալվեցին նաև Թուրքիայի տարբեր քաղաքաներում իրականացված հակաիշխանական ցույցերի ժամանակ:
2014-ի մարտին և ապրիլին ողջ աշխարհը ցնցվեց Էրդողանի ղեկավարած իշխանությունների և երկրի դատական համակարգի կայացրած որոշումներից. երկրում արգելափակվեցին համացանցային այնպիսի գիգատներ, ինչպիսիք են Twitter-ը և YouTube-ը: Էրդողանի կողմից որպես «չարիք» որակված ցանցերի հասանելիությունը վերականգնվեց միայն օրեր անց: Պատահական չէ, որ տարեվերջին Time պարբերականը Էրդողանին հայտարարեց «տարվա գրաքննիչ»:
Ամփոփումը` Արաքս Կասյանի