Մարզային

Արտաշատի թատրոնում շարունակվում են ամանորյա ներկայացումները

2 րոպեի ընթերցում

Արտաշատի թատրոնում շարունակվում են ամանորյա ներկայացումները

ԱՐՏԱՇԱՏ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը դեկտեմբերի 19-ից հանդես է գալիս «Ամանորյա նվագներ» ներկայացմամբ: Բեմադրության սցենարի հեղինակը եւ ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը, պրեմիերայից հետո, մինչեւ դեկտեմբերի 29-ը կշարունակվեն ցուցադրությունները` օրական երեք ներկայացում: Իսկ վերջին օրը, ինչպես ամեն տարի, կլինի «Բաց դռների օր» սոցիալապես անապահով եւ հաշմանդամ երեխաների համար: Ամանորյա ներկայացումները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի:

«Մենք աշխատում ենք հիմնականում դպրոցականների համար, եւ մեր նպատակն է այս եղանակով «պատրաստել» մեր վաղվա հանդիսատեսին, սերմանել հարգանք եւ հետաքրքրություն բեմական արվեստի նկատմամբ»,-ասաց նա: Տնօրինությունը նախատեսել է ամանորյա 25 ներկայացում: Ենթադրվում է, որ այս օրերին թատրոն կհաճախեն դպրոցական եւ նախադպրոցական տարիքի 7 հազար երեխա:

Ամեն տարի նորացվում է թատրոնի խաղացանկը: Բոլորովին վերջերս հանդիսատեսի դատին հանձնվեց Կլոտ Մանիեի «Օսկար» բեմադրությունը: 2014 թվականի ընթացքում թատրոնի կոլեկտիվն արդեն խաղացել է յոթ անուն բեմադրություն` ավելի քան 70 ներկայացմամբ: Թատրոնը ողջ տարվա ընթացքում ընդունել է շուրջ 15 հազար հանդիսատեսի:

Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական անձնակազմի 20-ից 12-ը երիտասարդ կադրեր են: Սայադյանն ակնածանքով խոսեց արտիստների մասին` նշելով, որ տաղանդաշատ, ավյունով լի անձնակազմի հետ հաջորդ տարվա համար արդեն ունեն նոր մտահաղացումներ ու ծրագրեր` թե նոր ներկայացումներ բեմադրելու եւ թե թատերական կյանքն առավել աշխույժ դարձնելու նպատակով:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում