ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի երաժիշտ Միքայել Հայրապետյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա Չինաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Չինաստանի հայ համայնքի մամուլի խոսնակ Մհեր Սահակյանը, առաջին համերգը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 29-ին Չինաստանի Թիանջին քաղաքի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:
Միքայել Հայրապետյանը կներկայացնի իր երաժշտական ծրագիրը, որը կոչվում է «Հայաստանի գաղտնիքները»: Ծրագրի նպատակն է Չինաստանում հանրաճանաչ դարձնել հայկական դասական երաժշտությունը: Միքայել Հայրապետյանը համերգի ընթացքում կներկայացնի Կոմիտասի, Բաբաջանյանի, Բաղդասարյանի, Աբրահամյանի և Ամիրխանյանի ստեղծագործությունները:
Միքայել Հայրապետյանը համերգներով հանդես կգա Պեկինում, Գուանգջոում, Շանհայում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում և այլ քաղաքներում: Միքայելի նպատակն է հանդես գալ նաև Սինգապուրում: Համերգների ընթացքում Միքայել Հայրապետյանը դասախոսություն կկարդա հայկական դասական երաժշտություն մասին: