Մարզային

Գեղարքունիքի հազարավոր տղամարդիկ արտագնա աշխատանքից տուն են վերադարձել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի հազարավոր տղամարդիկ արտագնա աշխատանքից տուն են վերադարձել

ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտագնա աշխատանքում զբաղված Գեղարքունիքի մարզի տասնյակ հազարավոր տղամարդիկ հիմնականում տուն են վերադարձել եւ իրենց ընտանիքների հետ նախապատրաստվում են Նոր տարվա տոնական դիմավորմանը:

Բնակչությունն այս օրերին արդեն սկսել է ակտիվ գնումները՝ ամենատարբեր մթերքներից սկսած եւ խաղալիքներով ու արհեստական տոնածառերով վերջացրած, որոնք բնակարանները կզարդարեն դեկտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում: Դրամական շուկայում ստեղծված անկայուն վիճակը, դրամի կուրսի տատանումները մարդկանց հարկադրում են օր առաջ ավարտել գնումները՝ Ամանորի նախաշեմին գների նոր բարձրացման մտավախությամբ:

Դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած՝ Գեղարքունիքի մարզի բնակչությունը,պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները սկսել են նախապատրաստվել Ամանորի տոներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում դեկտեմբերի 20-ից հետո կզարդարվեն տոնածառերը, Ամանորին նվիրված հանդիսություններ կկազմակերպվեն համայնքապետարաններում, ուսումնական հաստատություններում: Ընդ որում, յուրաքանչյուր համայնք հանդես կգա իրեն հատուկ եւ առանձին ծրագրով՝ համերգների, տոնական երեկոների կազմակերպում, տարվա ընթացքում աչքի ընկած քաղաքացիների խրախուսում: Թերեւս, միանման կլինի հրավառության կազմակերպումը, որը սկսվում է Նոր տարվա առաջին վայրկյանների հետ եւ մարզի երկինքը լուսավորում մի քանի րոպեից մինչեւ կես ժամ շարունակ, բոլոր համայնքներով մեկ:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում