Քաղաքականություն

Չեխիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը

2 րոպեի ընթերցում

Չեխիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Պետր Միկիսկայի երկամյա արգասաբեր գործունեությունը Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատարի պաշտոնում վստահություն է ներշնչում, որ առաքելության ընթացքում դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-չեխական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության բարձր գնահատականի համար՝ նորանշանակ դեսպան Միկիսկան նշել է, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը և դրա մասին է վկայում Երևանում ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին որոշումը։ Նա վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի` Հայաստանի և Չեխիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են բարձր մակարդակով առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում փոխգործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը և Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում