4 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, կյանքի կես դարը բոլորած եռամարտիկ Խաչիկ Թումեյանը Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում հայտնվելու լուրջ հայտ է ներկայացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքի համայնքների ծանրամարտի հավաքական թիմի մարզիչ, ՀՀ բազկամարտի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ, Խաչիկ Թումեյանի մարզիչ Ատոմ Մնացականյանը, այս տարվա նոյեմբերի 29-ին եռամարտիկ Խաչիկ Թումեյանը Մասիս կայարանում պառկած դիրքում քաշել է 440 տոննա 800 կիլոգրամ ծանրությամբ բեռնված 5 վագոն՝ մոտ 30 տոննայով գերազանցելով 2012 թվականի հոկտեմբերին իր իսկ կողմից սահմանված ռեկորդը: Մասիս երկաթուղային կայարանի պետի կողմից կնքված եւ հաստատված տվյալներով եւ այլ մարզիկների, մարզիչների ու ականատեսների վկայությամբ՝ գնացքի շարժակազմը քաշելու ժամանակ առաջին վագոնը իր կանգնած տեղից տեղաշարժվել է 1 մետր 54 սանտիմետր, վերջին վագոնը՝ 1 մետր 40 սանտիմետր: «Սա համաշխարհային մակարդակի անհասանելի ռեկորդ է, որը եղածին գերազանցում է ամբողջ 110 տոննայով: Ընդ որում, գործող ռեկորդի հեղինակը, որի անունը հիմա դժվարանում եմ հիշել, 340 տոննա ծանրություն քաշելու համար ունեցել է 175 կիլոգրամ քաշ, մինչդեռ Խաչիկն ունի ընդամենը 72 կիլոգրամ քաշ եւ 1 մետր 76 սանտիմետր հասակ: Սա, իրոք, աներեւակայելի է»,-հավաստեց Ատոմ Մնացականյանը:
Առաջին ռեկորդը Խաչիկը սահմանել է 1997 թվականին՝ տեղաշարժելով ավազաքարով բեռնված եւ 376 տոննա կշռող 4 վագոն: Նույն թվականին նա իրանի օգնությամբ եւ թեքված դիրքով բարձրացրել է 1034 կիլոգրամ ծանրություն: Երկրորդ անհավանական ռեկորդը երանոսցի եռամարտիկը սահմանել է 2012 թվականի հոկտեմբերին՝ քաշելով 411 տոննա կշռող վեց վագոն: Երկրորդ ռեկորդի ժամանակ Խաչիկն առաջին վագոնը տեղաշարժել է 2 մետր 85 սանտիմետր: Մարզչի, ընկերների եւ համագյուղացիների հավաստմամբ՝ Խաչիկն այլ արտասովոր բաներ էլ է անում. 70-100 գրամ կշռող քարը նա շպրտում է մինչեւ 250 մետր հեռավորությամբ, ծանր քարը դնում է փորին եւ ժամերով պառկում կամ մեջքի վրա լող է տալիս Սեւանա լճում, մինչեւ 90 սանտիմետր կանգնած տեղից վերեւ է ցատկում: Տարբեր տարիների ընթացքում Խաչիկը ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից արժանացել է 6 չեմպիոնական մեդալների, մարզական տարբեր կազմակերպությունների կողմից՝ պատվոգրերի եւ հավաստագրերի: Նրա անունն ընդգրկված է նաեւ Վարդան Թովմասյանի հեղինակած «Հայկական դյուցազնագրքում»:
«Հիմա մենք ակտիվ աշխատանք ենք տանում Հայաստանի մարզաշխարհի պատասխանատուների եւ Գինեսի ռեկորդները թարմացնող միջազգային կառույցների հետ, որպեսզի Խաչիկ Թումեյանի ռեկորդն էլ ունենա համաշխարհային գրանցում եւ հնչեղություն: Նա, իրոք, արտասովոր ուժի տեր մարդ է, թող չափազանցություն չհամարվի, գուցե թե հողագնդի ուժեղագույն մարդը»,-եզրափակեց մարզիչ Ատոմ Մնացականյանը:
Այսօր էլ Խաչիկը մարզումների է գնում երիտասարդական ավյունով՝ Երանոս գյուղից մինչեւ Վերին Գետաշենի մարզադահլիճ ընկած մոտ 15 կիլոմետր ճանապարհը երբեմն անցնելով ոտքով: «Վերին Գետաշենի մարզադահլիճում մարզվելու համար կան բոլոր բավարար պայմանները, մարզագույքը: Ես շատ բան եմ սովորել ինչպես իմ առաջին մարզիչ Լյուբերտ Բարեյանից, այնպես էլ երկրորդ ու ներկա մարզչից՝ Ատոմ Մնացականյանից: Երազում էի դառնալ համաշխարհային հռչակի տեր ծանրամարտիկ, բայց ուսերիս կառուցվածքը դա թույլ չտվեց: Ընտրեցի եռամարտը, որտեղ գրանցում եմ բարձր արդյունքներ: Տարիքս գրեթե չեմ զգում, ինձ էլ առանց մարզումների ու մրցումների չեմ պատկերացնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գինեսի ռեկորդների գրքի հավակնորդ Խաչիկ Թումեյանը: