1 րոպեի ընթերցում
ԱՐՏԱՇԱՏ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Մեխլեն քաղաքում օրերս կայացած «Հայաստան, քեզ այդպիսին եմ տեսնում» խորագրով նկարների ցուցահանդես մրցանակաբաշխության ժամանակ, երրորդ պատվավոր տեղն է գրավել ծագումով Արտաշատցի, Մեխլենի կիրակնօրյա դպրոցի չորրորդ դասարանի սան Ինեսա Նազարյանը: Մրցանակից բացի, նա արժանացել է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրի` հայապահպանության գործում ունեցած ներդրման համար:
Ինեսայի աչքերով` հայրենիքի մշուշն աստիճանաբար ցրվում, երեւում է ծաղիկների մեջ սուզված Հայաստանը, նաեւ բազմաթիվ ճանապարհներ, որոնք աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են բերում նրա զավակներին: Խորքում Բիբլիական Արարատ լեռն է:
Ինեսան ոչ միայն փայլում է նկարչական արվեստի ասպարեզում, այլեւ աչքի է ընկնում հայկական պարերի կատարումներով: Ինեսայի ծնողների` «Արմնեպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ 11-ամյա աղջնակը, ով վարժ խոսում է հայերեն, ասաց, որ գարնանը նորից կայցելի հայրենիք, կտեսնի հարազատներին, ու կլինի նոր գեղեցիկ ու բովնանդակալից նկարների հեղինակ:
Լիլիթ Մաճկալյան