3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ոչ իշխանական եռյակը չի գնում երկրում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե եռյակը գնում է իշխանափոխության՝ ՀովիկԱբրահամյանը նշեց. «Ես չեմ տեսել, որ նրանք իշխանափոխության են գնում: Իմ կարծիքով նրանք չեն գնում իշխանափոխության»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքը ընդունելի է բոլորի համար, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ինքը չի կարող բոլորի համար ընդունելի լինել: «Սակայն, ինձ համար կարևոր է ոչ թե բոլորի համար ընդունելի լինելը, այլ իմ գործի արդյունավետությունը: Ես քայլեր եմ ձեռնարկում մեր երկրում առկա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ և այդ գործի հաջողության համար կարևորում եմ և ակնկալում եմ բոլորի աջակցությունը: Մենք արդեն եռյակին առաջարկել ենք նստել, քննարկել և համատեղ լուծումներ փնտրել երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու համար, սակայն նրանք մերժեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ընդգծեց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, թե իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում եռյակը: «Եթե ցանկանում են իշխանության գալ, թող մասնակցեն 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ստանան ժողովրդի մեծ մասի քվեն, կազմեն կառավարություն և իշխեն: Սա է միակ ճանապարհը բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ես իրենց սա եմ առաջարկում: 2012թ. մեզ հաջողվել է ստանալ ձայների մեծամասնությունը, կազմել ենք կառավարություն, առաջարկել ենք միասին աշխատել, կոալիցիա կազմել, եթե չեն ցանկանում, դա արդեն իրենց խնդիրն է»,- նշեց նա:
ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ պատրաստ է լսել լրագրողների առաջարկները՝ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու համար՝ ընդգծելով, որ եթե կլինեն ողջամիտ առաջարկներ, կառավարությունը կքննարկի և կփորձի կյանքի կոչել դրանք:
Նա նաև վստահեցրեց, որ կադրային քաղաքականության հարցում ինքը լիովին ազատ է՝ հերքելով խոսակցությունները, թե պաշտոններ են շարունակում ստանալ ՀՀ նախկին վարչեպետ Տիգրան Սարգսյանի կադրերը: