Հատուկ նախագծեր

«Ականատեսը». Երանի, որ չեք տեսել. Եպրաքսի Գևորգյանը` գաղթի ու ամերիկյան որբանոցում անցկացրած տարիների մասին

7 րոպեի ընթերցում

«Ականատեսը». Երանի, որ չեք տեսել. Եպրաքսի Գևորգյանը` գաղթի ու  ամերիկյան որբանոցում անցկացրած տարիների մասին

ԱՐՄԱՎԻՐ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող «Ականատեսը» հատուկ նախագիծը շարունակվում է ընթերցողին ներկայացնել 1915 թ. ոճրագործության ականատես-վերապրողների հուշերը:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ, 1914 թ. Կարսում ծնված Եպրաքսի Գևորգյանը մեկն է այն հազարավորներից, ում համար ցեղասպանությունն անմիջականորեն ասոցացվում է մանկատանն անցկացրած երկար ու ձիգ, բայց իր գնահատմամբ նաև մարդկային ջերմությամբ լեցուն տարիների հետ:

«Ես ծնվել եմ Կարսի շրջանի Լալոյի Մավրակ գյուղում: Չորս հորեղբայր ունեի, պապ, տատ: Ամեն ինչ ունեինք: Կով ունեինք, ոչխար, հողամաս, բալա ջան, ամեն ինչ էլ կար..»,- տան բակում նստած այսպես է վերհուշը սկսում պատմության հերոսուհին:

Կարսից նա գաղթել է Աշտարակ, ապա Եղվարդ, հետո Ալեքսանդրապոլ (ներկայում` Գյումրի), որտեղից էլ ճակատագրի բերմամբ հայտնվել է ամերիկյան մանկատանը: Հատուկ ոգևորությամբ է հիշատակում հեղափոխական, պետական գործիչԱսքանազ Մռավյանի դրական վերաբերմունքըկոտորածներից մազապուրծ եղածների հանդեպ:«Թուրքի, պատերազմի մասին խոսելիս իմ աչքերը լցվում են..: Երանի, որ չեք տեսել»,- շուտով 100-ը բոլորել պատրասվող ականատեսը:«Պապիկիս, հորս սպանեցին: Մեզ ասում էին պահ մտեք քարափներում, որ բան չլինի: Քեռիս ինձ տարավ մանկատուն`ամերիկական մանկատուն», -հստակեցնում է զրուցակիցը:Նա հիշում է` ամերիկացիները շատ լավ էին իրենց խնամում: Կերակրում էին, հագցնում, շաբաթը երեք անգամ էլ տանում բաղնիք:

«Հովհաննես Շիրազի, Թադևոս Կարապետյանի հետ մի դասարանից էինք: Շատ լավ էին մեզ պահում նաև ուսումով»,- ասում է ականատեսը` վարժ մեջբերելով նաև մանկատան տարիներից իրեն որպես հուշ մնացած խոսեր և արտահայտություններ:

Պատմական ակնարկ

Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն Ալեքսանդրապոլում բացվել է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից: Այնհայ կարիքավորներին օգնելու համար դրամահավաք էր անցկացնում:Կոմիտեի ջանքերով նորաստեղծ առաջին որբանոցը կոչվեց «Միացյալ ընկերությունների առաջին որբանոց», որտեղ ապրում էր 5-13 տարեկան 30 երեխա: 1916 թ. ապրիլի 25-ին բացվել է «Միացյալ ընկերությունների երկրորդ որբանոցը»` 62 որբերով:1919թ. Նպաստամատույց կոմիտեի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքում էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորում էին կամ հիվանդանոցներում, կամ որբանոցներում: Կովկասի որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում, այն դեպքում, երբ նրանց թիվը շուրջ 25 հազարէր: Սա մարդկության պատմության մեջ երբևիցե գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր «Որբաքաղաք»: Երբ 1920թ. նոյեմբերին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեն, այնուամենայնիվ, ստանում է ազատ գործելու հնարավորություն, քանի որ այն զուտ մարդասիրական բնույթ կրող կազմակերպություն էր և որևէ քաղաքական նպատակ չէր հետապնդում:

Կոմիտեի ծավալած մարդասիրական օգնությամբ` որբանոցների ստեղծում, դպրոցների ու հիվանդանոցների բացում, սննդամթերքի, հագուստի ու դեղորայքի հայթայթում եւ այլն, իրական մահից փրկվեցին տասնյակ հազարավոր հայ երեխաներ: Կոմիտեի որբախնամ գործունեությունը կանոնակարգված բնույթ ստացավ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին եւ շարունակվեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո անգամ` մինչեւ 1929 թվականը:

Մանկատան տարիներից պատկերավոր հիշում է Լենինի հետ կապված պատմություններն ու նրա մասին բանաստեղծությունները.«Ընկեր Լենին, հանգիստ իջի գերեզման, բայց իմացի, որ նոր աշխարհը քո ուղով կգնա»:

Եվս մի քանի տարի մանկատանը անցկացնելուց հետո, երբ արդեն շուրջ 14-15 տարեկան էր, հետաքրքիր հանգամանքներում նրան գտնում է հորաքույրը, ում հետ բնակություն է հաստատում այժմյան Շիրակի մարզիԱնիպեմզագյուղում:Պատմության հերոսուհին հիշում է, որ ամուսնանում է լենինականցի Բալադ անունով երիտասարդի հետ դեկտեմբերի 29-ին, սակայն, ի տարբերություն ամուսնության օրվա, տարեթիվը ստույգ չի մտաբերում:Նրանք ունենում են ինը երեխա` հինգ տղա և չորս աղջիկ: Միայն չորսն են այժմ ողջ:

Ամուսնության հետ կապված հիշում է հետաքրքիր մի դրվագ: Ամուսնու համար թվաբանություն պարապելու համար ուսուցիչ են վարձում: Եպրաքսին, հետևելով դասին, տեսնում է, թե ինչպես ուսուցիչը չի կարողանում գտնել մի թվաբանական գործողության` կոտորակի լուծումը, մինչդեռ նա կարողանում է արագ լուծել խնդիրը:Կես կատակ-կես լուրջ նշում է, որ մանկատանը ստացած գիտելիքներն իրեն մշտապես օգնել են ամբողջ կյանքում:«Ամուսնուս մարդ դարձրի»,- կես կատակ-կես լուրջ շարունակում է պատմությունը:

Թուրքերի հանդեպ բացահայտ հակակրանք ունեցող տարեց կինը գտնում է, որ Հայոց ցեղասպանությունը մինչև այժմ չի ճանաչվել հենց աշխարհաքաղաքական «խառնակչությունների» պատճառով: «Հայն աշխատեց, թուրքը լծեց բեռները»,- ասում է Եպրաքսին` մեզ հետ զրույցը եզրափակելով մանկատան «Լուսին եկավ էն սարից» բանաստեղծությամբ: Նա, չնայած առողջական խնդիրներին, սիրում է դիտել հեռուստացույց, հետևել գյուղում և նրա սահմաններից դուրս կատարվող իրադարձություններին:

Լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլի 23-ի հանրության դատին հանձնեց «Ականատես»-ի առաջին պատմությունը: Նախագիծն ամփոփում է ականատես-վերապրողների արժեքավոր հուշերն ու պատմությունները:Ցեղասպանությունը վերապրած անձանց թիվը հանրապետության տարածքում ամենից շատը Արմավիրի մարզում է:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անահիտ Մինասյանը

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում