Մարզային

Արարատի մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 112 հազար տոննա խաղող

2 րոպեի ընթերցում

 Արարատի մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 112 հազար տոննա խաղող

ԱՐՏԱՇԱՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփված տվյալներով, Արարատի մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 112 հազար տոննա խաղողի բերք: Արարատի մարզի խաղող մթերող գործարանները մթերել են 82 հազար 425 տոննա խաղող:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարզում գտնվող 19 խաղող մթերող գործարաններից այս տարի մթերում իրականացրեցին 15-ը: Կախված խաղողի տեսակից եւ որակից` մթերումը կատարվեց սկսած 100-170 դրամ սակագնով:

Ավեի քան 20 հազար տոննա խաղող պահվում է սառնարանային տնտեսություններում` ձմռանը վաճառելու կամ արտերկիր արտահանելու նպատակով: Մարզում մասնագիտացված սառնարանային տնտեսություններ կան Վերին Արտաշատ համայնքում: Մարզից խաղողի արտահանում իրականացվել է հիմնականում Վրաստան:

Տերտերյանի խոսքով, այս տարի մթերող կազմակերպությունների հետ գումարների տրամադրման հաշվով ոչ մի խնդիր չի առաջացել: Մթերողն արտադրողին գումարները հատկացրել է նշված ժամկետներում:

Մարտի վերջին հանրապետությունում տեղի ունեցած ցրտահարությունից 30-50 տոկոսով տուժեցին մարզի 670 հա խաղողի վաղահաս սորտերը: Վարչության պետն ասաց, որ, չնայած այդ ամենին, այս տարի արտադրվեց սպասվածից ավելի բերք, ինչը պայմանավորված էր խաղողի այգիների ավելացմամբ եւ երիտասարդ տնկիների բերքատվությամբ:

2013 թվականին մարզում արտադրվել էր 104 հազար տոննա խաղող, որից մթերվել էր 90 հազար տոննան` հիմնականում տեխնիկական տեսակները: Նախորդ տարի մարզում արտադրված խաղողը մթերվել է հիմնականում Երեւանի կոնյակի գործարանի, Երեւանի կոնյակի, գինու կոմբինատի Մասիսի մասնաճյուղի, Արարատի գինու գործարանի, Պռոշյանի կոնյանի գործարանի, Երասխի գինու գործարանի կողմից` 1 կգ-ը սկսած 140 դրամից, առանձին տեսակները` 150 դրամով:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում