Ուզբեկստանի խանութներում մանրի փոխարեն տալիս են ծամոն կամ լուցկի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զավեշտալի դեպքերն են արձանագրվում Ուզբեկստանի խանութներում: Մանր թղթադրամի պակասի պատճառով վաճառողները հաճախորդներին մանրի փոխարեն առաջարկում են լուցկի, կրակայրիչ կամ ծամոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Fergana-ն, նման իրավիճակի պատճառն այն է, որ շրջանառությունից դուրս են եկել 50 եւ 100 սում թղթադրամները, մինչդեռ, ուսումնասիրելով շուկայում ապրանքների գները, պարզ է դառնում, որ այդ թղթադրամների շրջանառությունն արդիական է: Օրինակ` հացն արժե 650 սում, սուրճը` 950 եւ այլն: Հետաքրքրական է, որ խանութի մենեջերներն առաջարկում են մանրի փոխարեն էժան ապրանքներ, մինչդեռ իրենք նման ապրանքներ գումարի դիմաց չեն վերցնում:
Ըստ գործակալության, նման իրավիճակներ արձանագրվում են անգամ Տաշքենդի սուպերմարկետներում:
Մեկ դոլարը 2396 սում է, սեւ շուկայում մեկ դոլարն արժե 3250 սում: