Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանը ցավակցել է խոցված ուղղաթիռի երեք օդաչուների ընտանիքներին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանը ցավակցել է խոցված ուղղաթիռի երեք օդաչուների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ցավում է ԼՂ տարածքում ուղղաթիռի կործանման առնչությամբ` դա համարելով մեծ ողբերգություն, եւ, միաժամանակ, հույս հայտնում, որ կողմերը չեն գնա իրավիճակի ապակայունացման ճանապարհով ու կփորձեն խաղաղ բանակցությունների միջոցով լուծել հակամարտությունը:

«Չեմ կարող ասել ավելին, քան այն, ինչ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Սա սարսափելի ողբերգություն է, եւ ես իմ ցավակցությունն եմ հայտնում երեք ընտանիքներին, որոնց զավակները զոհվեցին: Սա, իրոք, սարսափելի ողբերգություն է: ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան քննարկել հարցերը, կարգավորեն խնդիրները եւ իրենց ուշադրությունը սեւեռեն այն հանգամանքին, որ կարողանան գտնել լուծում խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու համար: Հետեւաբար, մենք շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել, որպեսզի կողմերը կարողանան այս հակամարտությանը խաղաղ լուծում գտնել»,- Հայաստանի Ամերիկյան համալսարանում լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, արդյո՞ք խաղաղ երկխոսություն հնարավոր է մի պետության հետ, որն անզեն ուղղաթիռ է խոցում, Ջոն Հեֆերնը նշեց, որ կատարվածը մեծ ողբերգություն է, սակայն պետք է նայել առաջ եւ ջանք գործադրել նպատակին հասնելու համար: «Իսկ նպատակն է հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելը»,- ասաց նա:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում