Չինաստանում մեկնարկել Է աշխարհում ամենամեծ ինտերնետ-սպառավաճառքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենամեծ սպառավաճառքը նոյեմբերի 11-ին մեկնարկել Է Չինաստանի ինտերնետ-հարթակներում: Կեսգիշերից հետո առաջին քառասուն րոպեներին Alibaba խոշորագույն ինտերնետ-մանրավաճառի խանութներում վաճառքների ծավալը գերազանցել Է 10 միլիարդ յուանը (շուրջ 1,6 միլիարդ դոլարը), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ակցիան, որը նախատեսում Է ամենատարբեր ապրանքների լուրջ զեղչեր, ամեն տարի անցկացվում Է նոյեմբերի 11-ին: Մի քանի տարի առաջ Չինաստանի բլոգաոլորտում ծնունդ առավ «11.11»-ը (նոյեմբերի 11-ը) որպես Միայնակ մարդկանց օր նշելու գաղափարը, որովհետեւ տասնմեկ թիվը, թվերի մոգությանը հավատացող չինացիների կարծիքով՝ հիշեցնում Է միայնակ տղամարդու եւ կնոջ: Նոր տոնն սկսել Է ժողովրդականություն ձեռք բերել երիտասարդության շրջանում՝ դառնալով արեւմտյան Սուրբ Վալենտինի օրվա ինչ-որ նմանակը: Դրանից չհապաղեցին օգտվել խոշոր մանրավաճառները, որոնք հնարավորություն տեսան մեծացնելու վաճառքները, ինչի շնորհիվ նոյեմբերի 11-ն առաջատար PR-գործակալությունների թեթեւ ձեռքով դարձավ նաեւ Շոպինգի համաշխարհային օր:
Անցյալ տարի Alibaba ընկերության հարթակներում վաճառքների ծավալը գերազանցել Է ամերիկյան Սեւ ուրբաթին (Գոհաբանության օրվան հաջորդած ուրբաթը, որով ԱՄՆ-ում սկսվում Է Ծննդյան տոների սպառավաճառքների սեզոնը) եւ 24 ժամում կազմել Է 35 միլիարդ յուան (շուրջ 5,7 միլիարդ դոլար): Ընթացիկ տարում ակցիան ունի անցյալ տարվա ռեկորդը գերազանցելու բոլոր շանսերը, քանի որ Alibaba-ն զգալիորեն ընդլայնել Է իր հնարավորություններն ինտերնետ-առեւտրի համաշխարհային շուկայում: Ընկերության տվյալներով՝ ակցիային մասնակցում են վաճառողներ եւ գնորդներ աշխարհի 175 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: