2 րոպեի ընթերցում
ԱՐՏԱՇԱՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 7-9 Երեւանում անցկացված Ռուդոլֆ եւ Եղիշե Կարապետյաններին նվիրված պատանեկան միջազգային ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի հավաքականը վաստակել է ամենաշատ ոսկե մեդալները:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, մրցումներում 46 կգ, 54 կգ եւ 63 կգ քաշային կարգերում հուշամրցաշարի չեմպիոններ դարձան, համապատասխանաբար, Հրաչյա Մարգարյանը, Վազգեն Թեւանյանը եւ Գնել Գալստյանը: Արծաթե մեդալի արժանացավ 50 կգ քաշային Վարդան Հովհաննիսյանը: Սիմոնյանը պարզաբանեց, որ իր բոլոր գոտեմարտերում Վարդան Հովհաննիսյանը զիջել է միայն Ռուսաստանի ներկայացուցչին` հաղթելով բոլոր հայ հակառակորդներին:
Գոհունակություն արտահայտելով մարզիկների մրցելույթից` Սիմոնյանն ասաց, որ հուշամրցաշարում իրենց մարզադպրոցն արժանացել է մրցանակի` սաների ցուցաբերած բարձր արդյունքների շնորհիվ: Նույն անվանակարգում մրցանակի է արժանացել նաեւ մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը:
Հուշարցաշարին Արտաշատի մարզադպրոցից մասնակցում էին 13 ըմբիշ: Մարզիկներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Առաջնությանը մասնակցում էին 1998-2000թթ. ծնված ավելի քան 300 մարզիկ ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից: Ըմբիշներն արժանացան մեդալների, պատվոգրերի եւ հուշանվերների: Հինգ ոսկե մեդալ վաստակել են Հայաստանի ներկայացուցիչները, որոնցից երեքը` արտաշատցի, մեկական` երեւանցի եւ վանաձորցի մարզիկները: Երկուական ոսկեի մեդալ են նվաճել Ռուսաստանի եւ Վրաստանի, մեկը` Իրանի ներկայացուցիչները:
Լիլիթ Մաճկալյան