ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան ավազանի չորս երկրներ` Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղրիան, միասնական ռեսուրսների հիման վրա մշակում են գյուղական զբոսաշրջության նոր փաթեթ: Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթը հնարավորություն կտա չորս երևկրների զբոաշրջիկներին այցելել միմյանց գյուղական համայքներ և իրենց հանգիստն անցկացնել համայնքնային հյուրատներում: Ծրագրին Հայաստանի մասնակցությունն ապահովել է «Հեյֆեր Հայաստան» կազմակերպությունը` Եվրամիության հետ համատեղ:
Կազմակերպված կլոր սեղան- քննարկման ժամանակ «Հեյֆեր Հայաստանի» տնօրեն Անահիտ Ղազանչյանը նշեց, որ ծրագիրը կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան: «Ծրագրի շրջանակում կստեղծվեն ուսուցում ստացած և հմտություններ ունեցող` գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք կմշակեն և ապագայում կվաճառեն եզակի պրոդուկտ` տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Նա տեղեկացրեց, որ միասնական փաթեթը դեռ մշակման փուլում է և զբոսաշրջիկներին հասանելի կլինի հաջորդ տարվա փետրվար ամսից:
Ծրագրի ղեկավար Աննա Առաքելյանը պատմեց, որ ծրագրի ընթացքում չորս երկրների միջև կազմակերպվել են փոխադարձ այցելություններ, դրանից բացի ոլորտին անծանոթ մարդկանց համար կազմվում է ուղեցույց-ժողովածու, որը ներառում է գյուղական տուրիզմին վերաբերող տեղեկություններ, իսկ հյուրատնային բիզնես ունեցողների համար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ: «Մեկ տարվա ընթացքում հյուրատներ ունեցողներին փոխանցվել են մարքետինգային որոշակի գիտելիքներ և հմտություններ` իրենց բիզնեսի առաջխաղացումը խթանելու համար»,- ասաց նա:
Գյուղական զբոսաշրջության խթանման ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից շուրջ 500 հազար եվրոյի չափով: