Մարզային

ԱԻՆ-ը Կապանում անցկացնում է դաշտային ուսումնավարժանքներ

2 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ը Կապանում անցկացնում է դաշտային ուսումնավարժանքներ

ԿԱՊԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԻ նախարարությունը Կապանում` նախկին օդանավակայանի տարածքում, նոյեմբերի 6-7-ն անցկացնում է դաշտային ուսումնավարժանքներ, որոնց նպատակն է բարձրացնել Սյունիքի որոնողափրկարարական թիմի կարողությունները, նաեւ ստուգել, թե ինչպես է թիմն աշխատում աղետի գոտում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ ՓԾ գնդապետ Հովհաննես Եմիշյանը տեղեկացրեց, որ Երեւանում, Սյունիքում եւ Շիրակում, ստեղծված են քաղաքային որոնողափրկարարական երեք թիմեր, որոնք համապատասխանում են միջազգային` INSARAG-ի չափորոշիչներին: «Թիմերն ինքնաբավ են` ունեն կառավարում, բժշկական սպասարկում, համակողմանի ապահովում եւ նորագույն տեխնիկա, որը տրամադրվել է Շվեյցարիայի կառավարության կողմից: Թիմերն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան ուսուցում` միջազգային փորձագետների մասնակցությամբ: 2015թ. նման թիմեր կստեղծվեն Լոռու եւ Տավուշի մարզերում եւս», - ասաց Եմիշյանը:

Եկող տարի անհրաժեշտ գույքով կապահովվի ճգնաժամային կառավաման ակադեմիան, որն էլ այսուհետեւ կիրականացնի այդ թիմերի վերապատրաստումը: Սա արդեն երրորդ նման ուսումնավարժանքն է, որ կազմակերպվում է Կապանում: Նախորդը եղել է այս տարվա հուլիսին, որին ներկա են եղել նաեւ շվեյցարացի մասնագետները: Նրանց կողմից էլ թիմն անցել է ներքին որակավորում` ապացուցելով, որ կարող է աշխատել բարձր մակարդակով:

«Որոնողափրկարարական աշխատանքների այն մեխանիզմը, որ եվրոպական երկրներում կիրառվում է, մեր թիմը եւս կարող է կիրառել, մինչդեռ 1,5 տարի առաջ այդպես չէր: Այսօր թիմը նորմալ տիրապետում է իր առջեւ դրված խնդիրներին, ինչը կարող ենք համարել առաջընթաց», - ասաց Եմիշյանը:

Գոհար Իսախանյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում