Մարզային

Ծափաթաղը պատրաստ է ընդունել սիրիահայ 12 ընտանիքի

2 րոպեի ընթերցում

Ծափաթաղը պատրաստ է ընդունել սիրիահայ 12 ընտանիքի

ԳԱՎԱՌ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղը պատրաստ է ընդունել սիրիահայ 12 ընտանիքի, եթե նրանք, թեկուզ ժամանակավորապես, Ծափաթաղում բնակվելու ցանկություն ունենան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը, ինքն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել այն սեփականատերերի հետ, ովքեր իրենց բնակարաններն օգտագործում են որպես ամառանոց՝ տարվա մեկ կամ երկու ամիսների ընթացքում եւ բնակվում են արտերկրում: Նրանք տվել են իրենց համաձայնությունն առ այն, որ սիրիահայերը կարող են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարաններում բնակվել առանց վարձի, անժամկետ, մշակել իրենց պատկանող այգիներն ու հողամասերը եւ իրացնել ստացված եկամուտը:»Իսկ եթե կլինեն վերաբանկված սիրիահայեր, ովքեր կցանկանան մշտական բնակություն հաստատել Ծափաթաղում, մենք պատրաստ կլինենք նրանց անհատույց տրամադրել տնամերձ հողամասեր եւ միջոցներ որոնել՝ բնակարաններ կառուցելու համար: Այդ նպատակով նախնական զրույց ենք ունեցել Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ գործարար Կարեն Մկրտչյանի հետ: Կարծում եմ, որ սիրիահայերին աջակցող բարերարներ կգտնվեն, իսկ մեր համայնքը շատ կողմերով կարող է գրավիչ լինել մշտական բնակության համար, քանի որ այստեղ սիրիահայերը կարող են աշխատանք գտնել տուրիզմի, սպասարկման, գյուղատնտեսության, վարձու աշխատանքի, ամենատարբեր այլ ոլորտներում: Ամեն դեպքում մեծ է համայնքի մշտական բնակչության կազմը համալրելու մեր ցանկությունը: Ես արդեն համագործակցում եմ այն կազմակերպությունների հետ, ովքեր զբաղվում են սիրիահայության վերաբնակեցման խնդիրներով»,-նշեց համայնքի ղեկավարը:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում