«...Որտեղ ավարտվում է Եվրոպան». ռումինացի լրագրողը պատմել է Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թաքնված գաղտնիքներն ու գանձերը, զբոսաշրջային գրավչությունն ու հիմնական ուղղություններն է բացահայտել ռումինական Premium բիզնես պորտալը` հրապարակելով լայնածավալ հոդված «Ռեպորտաժ Հայաստանից, որտեղ ավարտվում է Եվրոպան» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռումինացին գրում է, որ թեպետ Հայաստանը քարտեզով Ռումինիային մոտ է երևում, այդուհանդերձ զբոսաշրջիկի համար պահանջվում է գրեթե կես օր այնտեղ հասնելու համար:
Հեղինակի դիտարկմամբ` Ռումինիա, այնպես էլ Հայաստան զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է բիզնեսի նպատակով, և շատ քչերն են, որ իրապես հետաքրքրված են պատմությամբ ու կրոնով և հենց այս տեսանկյունից են ցանկանում բացահայտել երկրի գեղեկցությունը: «Ճակատագրի բերումով Եվրոպայի ծայրում գտնվող երկիրը թաքցնում է շատ գաղտնիքներ, ինչպես օրինակ այն, որ պետությունն առաջինն է 301 թվականին ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայերը շատ են հպարտանում այդ փաստով և ավելին, կարծում են, որ դա կրոնական զբոսաշրջությունը զարգացնելու լավ խթան է: Երևանի օդանավակայան ժամանելուն պես կարող ես տեսնել պաստառներ և բացիկներ ազգային խորհրդանիշի` Արարատ լեռան պատկերով: Ավելին, երբ քայլում ես մայրաքաղաքի փողոցներով, սարը 5000 մետր բարձրությունից հետևում է քեզ: Հայերն ասում են, որ Արարատի վրա է գտնվում Նոյի տապանը, և թեպետ սարը թուրքական սահմանից այն կողմն է, այդուհանդերձ հայերի համար ունի նույն նշանակությունը, ինչ Օլիմպը հույների համար»,- պատմում է հեղինակը: Նա նշում է, որ թեպետ Արարատը կարելի է տեսնել քաղաքի ցանկացած մասից, այդուհանդերձ այն լավագույնս երևում է Կասկադից, որի 1000 աստիճանները բարձրանալու դեպքում հնարավոր է տեսնել ողջ վարդագույն քաղաքը, որն իր այդ անվանումը ստացել է շենքերի մեծ մասի` վարդագույն քարից պատրաստված լինելու պատճառով: «Աստիճանների ամենավերևում հայտնվելու համար կարելի է օգտագործել էքսկալատոր, սակայն աստիճաններով բարձրանալու դեպքում դուք հնարավորություն կունենաք հիանալ արվեստի գործերով, որոնք ցուցադրված են բոլոր հարկերում»,-պատմում է հոդվածագիրը:

Նա նշում է, որ Հայաստանի զբոսաշրջային գերակա ուղղությունը հենց Երևանն է, որն ունի շուրջ 2800 տարվա պատմություն և ավելի հին է քան հավերժական քաղաքը` Հռոմը, սակայն շատ քչերը դրա մասին գիտեն և դրա պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ հին շինությունները չեն դիմացել ժամանակի քննությունը: «Վարդագույն քաղաքը, ինչպես այն անվանում են տեղացիները, տարբերվում է Արևմուտքի մեծ մայրաքաղաքներից: Այստեղ կա բոհեմական ոգի, և թեպետ դու միանգամից չես մտնում պատմության մեջ, այդուհանդերձ չես էլ կարողանում անտարբեր անցնել խորհրդային շրջանի ճարտարապետության կողքով»,- պատմում է հեղինակը: Նա տեղեկացնում է, որ երեկոյան ժամերին բնակչության զգալի մասը` թե’ ծեր, թե’ երիտասարդ, հավաքվում է Ազգային պատկերասրահի առաջ` դիտելու երկու ժամ տևող երգող շատրվանների ներկայացումը, որը հիշեցնում է Բարսելոնայի համանման շոուն:
Հոդվածագիրն ընդգծում է, որ թեպետ Երևանն ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունն է Հայաստանում, այդուհանդերձ պետությունը փորձում է զբոսաշրջիկներին ուղղել նաև քաղաքից դուրս: Նա պատմում է, որ երկրի մեծ մասը շրջապատված է ավելի քան 4 հազար մետր բարձրություն ունեցող սարերով, և բավական է մեկ ու կես ժամը տաքսի վերցնելու և լեռնային ճանապարհներից մեկով գնալու համար: «Այդ ճանապարհներից մեկն էլ տանում է Գառնու տաճար, որը միակ հեթանոսական տաճարն է, որ մնացել է Հայաստանի տարածքում և ունի 2 հազար տարվա պատմություն: Հունահռոմեական ոճով կառուցված տաճարն ավերվել և վերակառուցվել է մի քանի անգամ իր երկուհազարամյա գոյության ընթացքում: Այսօր տաճարի 77 տոկոսը համապատասխանում են օրիգինալ կառուցվածքին, իսկ համաձայն միջազգային կոնվենցիայի, եթե 70 տոկոսից ավելին պահպանված է, ապա ենթադրվում է, որ կառույցն ունի իր օրիգինալ տեսքը»,- նշում է հեղինակը:

Նա պատմում է Գառնու մոտակայքում գտնվող Գեղարդ վանական համալիրի մասին, որն իր 1700 ամյա պատմության համար ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգությունների ցանկում: Հոդվածագիրը հավաստում է, որ կրոնավորները տարբեր ընտրություն կարող են ունենալ Հայաստան այցելելու դեպքում: Որպես այդ ընտրություններից մեկը նա հիշատակում է Խոր Վիրապ եկեղեցին, որտեղից Արարատ լեռան հրաշալի տեսարան է բացվում: Այցելուների համար այցելության թիրախային վայրերից են նաև Էջմիածնի տաճարը, որը հեղինակն անվանում է հայկական Վատիկան, Զվարթնոցի ավերակները և Սևանա լիճը:
Հոդվածագիրը նշում է, որ Երևանից տարբեր վայրեր կարելի է այցելել տաքսիով, որը գրեթե նույնն սակագինն ունի, ինչ Ռումինիայում: Օրինակ, Խոր Վիրապ կարելի է գնալ 12 հազար դրամով, որը համահավասար է 20 եվրոյի: Թեպետ վարորդների մեծամասնությունը չի խոսում անգլերեն, սակայն նրանք գիտեն որոշ բառեր, որով էլ փորձում են խոսակցության մեջ մտնել: «Հայերը զրուցասեր են և հյուրընկալ, և եթե դու այցելես նրանց տուն, նրանք անպայման կհյուրսասիրեն «Արարատ» կոնյակ և այնքան ուտեստներ, որոնք դու ի վիճակի չես լինի ուտել»,- պատմում է հեղինակը: Որպես աղանդեր նա հիշատակում է հայկական փախլավան` չմոռանալով հայկական սառը և մրգային կոմպոտը:
«Ցանկացած երկիր ունի իր հուշանվերը, ինչպես օրինակ ձիթապտուղը` հույների համար, գինին` ֆրանսիացիների, իսկ կոնյակը` հայերի: Ավելի հաջողակ լինելու պարագայում դուք կարող եք տուն վերադառնալ ադամանդով` իբրև հուշանվեր, որովհետև թեպետ Հայաստանը ադամանդի հանքեր չունի, սակայն քարերը ներմուծվում են երկիր, մշակվում և այստեղից ուղարկվում աշխարհի տարբեր անկյուններ»,- եզրափակել է հոդվածը ռումինացին:



