Ֆրանսիացի հյուրերը եղան Փոքր Վեդի համայնքում
3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնք այցելեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանի, սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի ուղեկցությամբ: Մարզային կառույցի ղեկավարները համայնքի Սեն-Մարտեն-Դ’էզ փողոցում դիմավորեցին Ֆրանսիայից ժամանած հյուրերին. քաղաքապետ Դավիթ Քերոսին, տեղակալ Անտուան Սեգուղանին, տեղի համալսարանների դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին:
Փոքր Վեդու Սեն-Մարտեն-Դ’էզ փողոցը, որ կրում է Ֆրանսիայի համանուն քաղաքի անունը` հիմնանորոգվում է ֆրանսիացիների ֆինանսավորմամբ: Սեն-Մարտեն-Դ’էզ եւ Փոքր Վեդի քույր համայնքների բարեկամությունն սկսվել է 2011 թվականից:
Ընդունելով եւ ողջունելով հյուրերին` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ շատ ուրախ է նման բարեկամության համար: Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի ժողովրդի կատարած ներդրումների համար: Շարունակելով խոսքը` մարզի ղեկավարն իր երախտիքն արտահայտեց Ֆրանսիայի ժողովրդին` հայերի ցեղասպանության ճանաչման եւ ցուցաբերած աջակցության համար: Դառնալով Սեն-Մարտեն-Դ’էզի քաղաքապետ Դավիթ Քերոսին` մարզպետն ընդգծեց, որ ուրախ է հյուրերի` Միսաք Մանուշյանի հայրենիքում գտնվելու, հայերի հետ բարեկամանալու, ինչպես նաեւ սուրբ լեռան` Արարատին կից համայնքում գտնվելու համար:
Փոքր Վեդու համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրեց կատարված աշխատանքները: Այն մասին, որ ֆրանսիական միջոցներով համայնքի Մարգար Հովհաննիսյան փողոցն ունի գիշերային լուսավորվածություն, երեխաների համար կառուցվել է լողավազան, հիմնանորոգվել մշակույթի տունը, այնտեղ է գտնվում նաեւ գեղարվեստի դպրոցը: Ֆրանսիացիները գյուղին նվիրել են նաեւ 55-տեղանոց «Ռենո» մակնիշի ավտոբուս` ուսանողներին տեղափոխելու համար, բուժամբուլատորիային` սրտագրման սարքավորում: Գյուղապետը մարզի ղեկավարին եւ հյուրերին նվիրեց հուշանվերներ:
Հանդիպումից հետո հյուրերը շրջայց կատարեցին համայնքում: Եղան մանկապարտեզում, բուժամբուլատորիայում, գրադարանում` ծանոթացան հիմնախնդիրներին: Մշակույթի տանը ծանոթացան գեղարվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքներին, մասնակցեցին սաների ուժերով կազմակերպված համերգին:
Լիլիթ Մաճկալյան