Մասիսում կայացավ տարածաշրջանի ԵԿՄ ընդհանուր ժողովը
2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Մասիսի տարածաշրջանի ԵԿՄ ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, չորս տարածաշրջանի զինկոմներ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԻՆ եւ ՓԾ աշխատողները` գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, Երկրապահ միության անդամներ, պատանի երկրապահներ, հյուրեր, այլք:
Մինչ ժողովի մեկնարկը, «Մասյաց քաջերն ընկան, որ հավերժի կյանքը մեր տան» հուշահամալիրի մոտ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը եւ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը կատարեցին հոգեհանգստի կարգ: Ներկաները դրեցին ծաղիկներ, եւ իրենց խոնարհումը բերեցին նահատակների հիշատակին:
Միջոցառումը շարունակվեց դահլիճում: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ներս բերեցին ՀՀ եւ ԵԿՄ դրոշները: Ողջույնի խոսքից հետո Արա Կետիկյանը խոսեց վարչության, ՀՀ ԿԳ եւ ԱԻ նախարարների հետ ստորագրված հուշագրի մասին: Տեղեկացրեց, որ օրերս ընդունվել է երկրապահի մասին օրենքը, ինչից հետեւում է, որ այսուհետեւ դպրոցները, երկրապահ կամավորները, ինչպես նաեւ ԱԻՆ կառույցը պետք է գործեն համատեղ: Դպրոցի տնօրենները կընդգրկվեն ԵԿՄ խորհրդի կազմում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ողջունելով վերոհիշյալ նախաձեռնությունը, ընդգծեց, որ հարկ է հենց դպրոցներից սկսել սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Նշեց նաեւ, որ ընկածների արյան գնով գոյություն ունեն այսօրվա հայրենիքն ու անկախությունը:
Ոգեշնչող ելույթով հանդես եկավ նաեւ Մասիս քաղաքի զինկոմ Գնել Մանուկյանը: Նա խոսեց երկրապահի շարքերը կուռ ու միասնական պահելու մասին:
Միջոցառուման վերջում 19 երկրապահներ , որոնցից վեցը` հետմահու, պարգեւատրվեցին ԶՈՒ գերատեսչության, իսկ 25-ը` ԵԿՄ վարչության մեդալներով:
Լիլիթ Մաճկալյան