Տարածաշրջանային

Քրդական ուժերը մոտ են Այն ալ Արաբ քաղաքի վրա հսկողություն հաստատելուն

2 րոպեի ընթերցում

Քրդական ուժերը մոտ են Այն ալ Արաբ քաղաքի վրա հսկողություն հաստատելուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ` մոտակա ժամերին քրդական ուժերը կհայտարարեն, որ Այն ալ Արաբ քաղաքն ամբողջությամբ իրենց հսկողության տակ է: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ` «Իսլամական պետությունը» դադարել է առաջ ընթանալ Այն ալ Արաբ քրդական քաղաքում:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երկու օրերի ընթացքում միջազգային դաշինքի օդանավերը 40 հարվածներ են ուղղել ԻՊ-ի դիրքերին: Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ Այն ալ Արաբ սիրիական քաղաքը հնարավոր է հայտնվի «Իսլամական պետության» ձեռքում: Նրա խոսքով` քաղաքի մի մասը ամայացած է, բնակիչները լքել են իրենց տները: Մյուս կողմից, քրդերը պայքարում են՝ փորձելով պահել քաղաքը: Իսկ ԱՄՆ-ի և դաշնակիցների օդանավերը շարունակում են ռմբակոծել:

Վերջին օրերի ընթացքում Այն ալ Արաբի մոտ հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել:

Շուրջ մեկ ամիս է՝ Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում պայքար են մղում ԻՊ-ի դեմ: Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ ապրում էին մոտ 100 հազար բնակիչներ: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատեր Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում