Քաղաքականություն

ՀՀ Նախագահը ներկայացրել է Կոսովոյի հարցում Հայաստանի դիրքորոշումը

4 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ներկայացրել է Կոսովոյի հարցում Հայաստանի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Սերբիայի նախագահները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս մասին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք միակարծիք էինք, որ ժամանակն է վերաիմաստավորել վերջին 20 տարիների ընթացքում մեր անցած ուղին և նոր շունչ հաղորդել երկկողմ համագործակցությանը բոլոր առումներով: Այս համատեքստում մենք կարևորեցինք Երևանում և Բելգրադում դեսպանությունների հիմնումը, ինչն էապես կնպաստի մեր համագործակցության ընդլայնամը և խորացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը:

Կողմերը կարևորել են նաև քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, միջխորհրդարանական, մշակութային և մարդկային շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ գործակցության ընդլայնումը: «Այդ ուղղությամբ այժմ քննարկումներ են ընթանում փոխադարձաբար Հայաստանի և Սերբիայի քաղաքացիներին սահմանի վրա մուտքի արտոնագրեր տրամադրելու կամ ավելին՝ առանց արտոնագրերի ուղիղ կապ ունենալու վերաբերյալ»,-նշեց Նախագահ Սարգսյանը:

Առնանձնակի շեշտադրվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: ՀՀ Նախագահն ընդգծում է, որ Հայաստանի և Սերբիայի միջև ապրանքաշրջանառության կտրուկ աճ է նկատվում: «Կարծում եմ, որ դրան նպաստեց նաև վերջերս Երևանում կայացած հայ-սերբական առաջին գործարար համաժողովը: Սույն այցի շրջանակներում ստորագրվեցին զբոսաշրջության բնագավառում, տնտեսական, գիտական, տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն իր սերբ գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, իսկ Սերբիայի Նախագահը ներկայացրել է Կոսովոյի հարցում Սերբիայի մոտեցումները և որոշումները: «Ես ցանկանում եմ հատուկ շեշտել, որ կարևորում եմ այն փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Մենք համարում ենք, որ անհեռանկար է ձևացնել, թե կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն: Ակնհայտ, է որ դրա այլընտրանքը քաոսն է: Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը հիշեցրեց, որ Սերբիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում՝ ընդգծելով, որ այդ առումով Հայաստանը սատարելու է Սերբիային այդ պատասխանատու առաքելության մեջ և աջակցելու կազմակերպության ամրապնդմանն ուղղված սերբ գործընկերների ջանքերին:

Հայաստանի և Սերբիայի նախագահների բանակցությունների օրակարգում են եղել նաև միջազգային հրատապ խնդիրները, Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների վայրագություններին վերջ դնելուն ուղղված միջազգային հանրության միջազգային ջանքերը: «Մենք մտահոգություն ենք հայտնել Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող բռնությունների, ինչպես նաև քրիստոնեական հուշարձանների ոչնչացման փաստերի առնչությամբ: Անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին և դրա հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող քայլերին», նշեց Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում