1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարտուն Վարդանյանն իր խիզախ արարքի համար արժանացել է ՀՀ պաշտպանության փախնախարարի պատվոգրի, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 3-ին` դպրոցում իր պատվին կայացած հանդիսության ժամանակ:
Դավիթբեկցի 14-ամյա տղան նման պատվի արժանացել է այն բանի համար, որ երեք օր առաջ, գյուղից 2,5 կմ հեռավարության վրա գտնվող անտառում պատահաբար հայտնաբերել է մարտական վիճակում գտնվող ՕՎՄ տեսակի հակահետեւակային 3 ական եւ այդ մասին հայտնել տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» սակրավորներին:
Ձեռնարկված աշխատանքների արդյունքում սակրավորները կարողացել են հայտնաբերել եւս 2 ական եւ վնասազերծել դրանք:
Դավիթ Բեկի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել են ականները, գտնվում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհից 500 մ հեռավորության վրա:
Ականազերծման աշխատանքները Դավիթ Բեկում շարունակվում են:
Մարտուն Վարդանյանն իր արարքի համար «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» կողմից, որպես նվեր, կստանա նաեւ բջջային հեռախոս:
Գոհար Իսախանյան