3 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրին վերջապես կունենա Հովհաննես Շիրազի անվան փողոց: Գյումրու ավագանին սեպտեմբերի 30-ին կայացած հերթական նիստի ժամանակ որոշեց՝ Գյումրու Գորկու փողոցի՝ Շիրակացի փողոցից մինչև Բագրատունյաց հրապարակն ընկած հատվածը, վերանավանել Հովհաննես Շիրազի անունով: «Զարմանալի է, բայց Շիրազի փողոց Գյումրին պետք է արդեն ունենար: Հենց այդ հատվածն է որոշվել վերանվանվել, քանի որ այդտեղ է գտնվում Շիրազի տուն-թանգարանը»,-իր խոսքում նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ քննարկված 30 հիմնական և 2 լրացուցիչ հարցերի մեծ մասը սոցիալական բնույթի էին՝ ավագանին ընդունեց որոշումներ տարբեր անհատ քաղաքացիների ու կազմակերպությունների, այդ թվում նաև եզդիների ազգային միությանը, ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ավագանին նույն նիստի ընթացքում որոշեց Գյումրու թիվ 6 նախակրթարանի շենքը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի օգտագործումից հետ վերցնելու և այն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկրարարական վարչությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին: Ինչպես ավագանու անդամներին ներկայացրեց ԱԻ ՇՄ փրարարական վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը, այս կառույցում կտեղակայվի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը: Նշենք, որ այս պահին ՇՄ փրկարարական ծառայության զբաղեցրած կառույցը վթարային է:
Ավագանին որոշեց նաև 2014 թվականին Չինաստանում կայացած պատանիների օլիմպիական խաղերում բարձր արդյունքների հասած և մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին մարզական պարգևներ շնորհելու, 2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն գյումրեցի Արթուր Ալեքսանյանին ավտոմեքենա, իսկ Արսեն Ջուլֆալակյանին հողամաս ձեռք բերելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին որոշումները: Դրամական միջոցներ կհատկացվեն նաև Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող մարզադպրոցներում շինվերանորոգման աշխատանքերի իրականացման նպատակով:
Ավագանին հաստատեց նաև «Գյումրու օր» տոնկատարության անցկացման համար 17 մլն դրամ հատկացնելու մասին նախագիծը:
Ավագանին մեկ այլ որոշմամբ ընդունեց համայնքի ավագանու կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված ուղերձը՝ ՀՀ պահուստային ֆոնդից Գյումրու փողոցների հիմնանարոգման համար գումար հատկացնելու մասին:
Արմենուհի Մխոյան