Սփյուռք

Իրանի 60 հազարանոց հայկական համայնքը իր կնիքն ունի Իրանի կյանքում

5 րոպեի ընթերցում

Իրանի 60 հազարանոց հայկական համայնքը իր կնիքն ունի Իրանի կյանքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հայկական համայնքը լեզվի ու մշակույթի պահպանության իմաստով ամենակազմակերպված համայնքների մեջ առաջինների շարքում է: Երեք թեմերից բաղկացած հայկական համայնքում հայապահպանության ու խառնամուսնությունների հարցերը կարգավորվում են ներքին մեխանիզմներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեցին իրանահայ համայնքի ներկայացուցիչները:«Հայերի ներկայությունն Իրանում դարերի պատմություն ունի: Թեհրանի թեմը շուրջ 100 տարվա անցյալ ունի, Սպահանի թեմը` 400 տարվա, Ատրպատականի թեմը` 800 տարվա պատմություն: Մեր թեմը չի կազմվել Հայոց ցեղասպանության հետևանքով, այդ իմաստով` մի փոքր տարբեր է իրավիճակը համայնքի լինելիության տեսանկյունից: Մշակութային, լեզվական-խոսակցական նույնությունը, որ ունենք Հայաստանի հետ, հեշտացնում է մեր գործը հայապահպանության առումով»,-ասաց Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի փոխնախագահ Արա Շահնազարյանը:

Նրա խոսքով` ներկայում Իրանում հաշվվում է 55-60 հազար հոգանոց հայ համայնք, որի մեծ մասը` շուրջ 45-50 հազարը, կենտրոնացած է Թեհրանում: «Ժամանակին համայնքի թիվն ավելի մեծ է եղել, վերջին 30 տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառներով Իրանից արտագաղթ է եղել, հիմնականում, Արևմուտք են գնացել»,-հայտնեց նա:

Ինչ վերաբերում է խառնամուսնությունների խնդրին, ապա Շահնազարյանը նշեց, որ դրանք գրեթե բացառված են, քանի որ համայնքի կողմից նման դեպքերը մերժվում են: «Եթե լինում են հատուկենտ խառնամուսնություններ, մեր կողմից դատապարտվում են: Շատ քիչ են պատահում նման դեպքերը, բայց դա այնքան մեզանից չի, որքան կրոնի տարբերություններից»,-հայտնեց զրուցակիցը:

Թեհրանի հայ մարզամշակութային «Նաիրի» միության նախագահ Ֆրեդ Աշուղյանը, համաձայնելով իր գործընկերոջ հետ, խոսեց խառնամուսնությունների մեկ այլ դրսևորման մասին: «Խառնամուսնությունների խնդրի կապակցությամբ ասեմ, որ մի վատ երևույթ էլ կա, որ վերջերս է ի հայտ եկել: Հայաստանից պարսիկների հետ ամուսնությունների դեպքեր են գրանցվում, որ գալիս են Իրան: Խառնամուսնությունները իրանահայ համայնքում համարյա բացառվում են, բայց մյուս կողմից` հայաստանաբնակների ամուսնությունները պարսիկների հետ բավականին մեծ թիվ են կազմում համեմատության մեջ, որը մեզ համար մտահոգիչ է»,-ասաց Ֆրեդ Աշուղյանը:

«Շատ մարդիկ համարյա չեն ճանաչում հարևանին, չգիտեն կրոնական տարբերությունների մասին: Կարծում եմ` անտեղյակության գործոնով են պայմանավորված նման դեպքերը»,-հավելեց Արա Շահնազարյանը:

Իրանահայ համայնքում լեզվի և մշակույթի պահպանությունը դրված է համայնքում գործող դպրոցների ու միությունների ուսերին: «Մենք մեր դպրոցնում կանոնավոր հայոց լեզու ենք դասավանդում, մարզամշակութային միություններում աշխատանք է տարվում մշակույթի պահպանման համար` երգի, պարի դասեր են երեխաները ստանում: Որոշ ոլորտներում Հայաստանից ուսուցանողներ ենք բերում Թեհրան, որ աշխատանք տանեն: Կարելի է ասել, որ իրանահայ համայնքն ամենակազմակերպվածն է` լեզվի ու մշակույթի իմաստով»,-տեղեկացրեց Ֆրեդ Աշուղյանը:

Համայնքի ներկայացուցիչները համակարծիք են, որ Իրանում հայկական համայնքը Իրանի իշխանությունների բարյացակամությունն է վայելում: «Մենք Իրանին գովելու ոչ մի պարտականություն չենք զգում, եթե գովում ենք, ուրեմն իրականությունն է այդպես: Մի բան էլ կա, որ փաստ է: Այսօր Իրանի իշխանության կողմից հատուկ ուշադրությամբ ֆինանսավորվում են մեր եկեղեցական կոթողները, մասնավորապես, Թադեոս առաքյալի վանքը, Սուրբ Ստեփանոս վանքը: Երբ տեսնում ենք սահմանից այն կողմ` Նախիջևանում, խաչքարներ են ոչնչանում, նոր սկսում ենք տարբերությունը զգալ: Թեհրանում ունենք եկեղեցի, որն իրենից հնություն է ներկայացնում, ու իշխանության կողմից ֆինանսավորվում ու պահպանվում է»,-ասաց Արա Շահնազարյանը:

«Այս բոլորի կողքին կուզեմ ավելացնել, որ Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը նրանից է, որ իրանահայերը` որպես իրանցիներ արդարացրել են իրենց կոչումը: Պատերազմում բավականին զոհեր տվեցինք` մեր կամավոր խմբերն ու զինվորները, տնտեսական առումով բավականին մեծ ազդեցությունն ու մեր կնիքն ենք թողել Իրանի տնտեսության մեջ: Դա է պատճառը, որ մեզ երկրորդ կամ երրորդ սորտի մարդ չեն համարում»,-հավելեց Ֆրեդ Աշուղյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում