Ակունքում գայլերի ցրիվ տված և հոշոտած հոտից անվնաս գտնվել է 40 գլուխ ոչխար
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում շարունակվում են երեկ` սեպտեմբերի 13-ի երեկոյան գայլերի կողմից ցրիվ տրված եւ մասամբ հոշոտված ոչխարների որոնման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը եւ տուժած անասնատերերը, այսօր ցերեկվա ընթացքում կատարված տեւական որոնումներից հետո հաջողվել է անվնաս գտնել եւ գյուղ բերել 40 գլուխ ոչխար: Գյուղ է տեղափոխվել նաեւ 20 գլուխ վիրավոր եւ ևս 20 գլուխ անկած ոչխար: Մնացած 70 գլխի որոնումները շարունակվում են:
Համայնքի անասնաբույժ Միշա Մկրտչյանի տեղեկացմամբª ոչխարների վիրավոր գլխաքանակի հնարավոր առողջացման համար ձռք են առնվել համապատասխան միջոցառումներ, իսկ անկած գլխաքանակի մսեղիքն ամբողջությամբ ենթակա է ոչնչացման: Ակունքի անասնապահական տնտեսություններին պատճառված վնասների չափերը ճշտվում են: