Տնտեսություն

Չեխիան Հայաստանի համար մեծ պոտենցիալ ունեցող երկիր է. փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Չեխիան Հայաստանի համար մեծ պոտենցիալ ունեցող երկիր է. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում անցկացվում է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հայ-չեխանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվող հարցերը կապված են առևտրատնտեսական և ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ավիացիայի, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խնդիրներին, հնարավորություններին և հեռանկարներին:

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը բացման խոսում հայտնեց, որ Չեխիան Հայաստանի համար մեծ պոտենցիալ ունեցող երկիր է: «Մենք տեսնում ենք մեծ ներուժ մեր համագործակվությունը զարգացնելու համար: Այսօրվա նիստը հագեցած օրակարգ ունի, չեխական կողմի բավականին ընդգրկուն կազմը վկայում է, որ մեր օրակարգը բազմոլորտ է, և մենք ունենք մեծ նախադրյալներ բազմաթիվ ոլորտներում համագործակցության ծրագրերի շուրջ համաձայնության գալու համար»,-նշեց Գարեգին Մելքոնյանը:

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը, ով միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, ևս նշեց, որ կան բազմաթիվ հնարավորություններ համագործակցությունը խորացնելու համար: «Չեխիան պատրաստ է ինտենսիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Վստահ եմ, որ այս նիստը կոնկրետ նախագծերի կհանգեցնի: Առաջին նիստն է, որ կազմակերպվում է, դեռ որոշակի կազմակերպչական հարցեր են առաջանում, մյուս անգամ ավելի մեծ թվով կազմակերպություններ կներկայանան: Հուսով եմ, որ այս նիստը շատ արդյունավետ կլինի»,-ասաց չեխ համանախագահը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության պետական և մասնավոր հատվածի 30 ներկայացուցիչ:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է` համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին» համաձայնագրի, որը ստորագրվել է 2014 թվականի հունվարի 30-ին` ՀՀ նախագահի` Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին տեղի կունենա նաև հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցելու նպատակով Հայաստանում են տարբեր ոլորտներ ներկայացնող չեխական 12 ընկերությունների ներկայացուցիչներ: Հայկական կողմից միջոցառմանը կմասնակցեն մոտ 40 ընկերությունների անդամներ: Ընկերությունները ներկայացնում են էներգետիկայի, էլեկտրոսարքավորումների, առևտրի ու բանկային ոլորտները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում