Հայոց ցեղասպանություն

Հունաստանի խորհրդարանի որոշումը կարող է ազդակ հանդիսանալ ՄԻԵԴ-ի համար. Վիգեն Քոչարյան

4 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանի որոշումը կարող է ազդակ հանդիսանալ ՄԻԵԴ-ի համար. Վիգեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն օրենսդիրների որոշումը` քրեականացնել ցեղասպանության ժխտումը, արտահայտում է այն սկզբունքային դիրքորոշումը, որ այդ երկիրը տասնամյակներ շարունակ ունեցել է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ: ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանի գնահատմամբ, դա օրինաչափ է նաեւ այն տեսանկյունից, որ դեռևս 2002թ. Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված հանձնարարականը պահանջում է, որ պետությունները նման օրենսդրություն ընդունեն:

«2002թ. Ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը, որի անդամ եմ հանդիսանում, քննարկեց եւ ընդունեց ընդհանուր քաղաքական հանձնարարական, որն անվանվում է «Ռասիզմի եւ խտրականության դեմ ուղղված ազգային օրենսդրությունը»: Մեր նախաձեռնությամբ հանձնարարականում ամրագրվեց մի կարևոր դրույթ, որը պարտավորեցնում է ԵԽ անդամ պետություններին ընդունել օրենք, որը քրեական պատասխանատվություն կսահմանի ռասիստական նպատակով ցեղասպանության արդարացման, դրա նշանակության նվազեցման կամ արդարացման համար»,- ասաց Վիգեն Քոչարյանը` հավելելով, որ թեպետ հանձնարարականը վերաբերում է այսպես կոչված «փափուկ միջազգային իրավունքին», այնուամենայնիվ դրանով ձևակերպվել է հստակ դիրքորոշում, ԵԽ չափանիշ եւ այն պետք է կատարվի: Այս առումով բնական է, որ Հունաստանը, ինչպես նաեւ Շվեյցարիան ու Սլովակիան ընդունել են համապատասխան օրենսդրություն, եւ հիմքեր կան ենթադրելու, որ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունման գործընթացը կշարունակվի եվրոպական այլ պետություններում:

Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործին, Վիգեն Քոչարյանն ասաց, որ միգուցե Հունաստանի խորհրդարանի ընդունած որոշումը ուղղակի ազդեցություն չգործի այդ դատաքննության հետագա ընթացքի վրա, սակայն պետք է հստակ ազդանշան հանդիսանա դատարանի համար: Ըստ Քոչարյանի, Փերինչեքի գործը խնդրահարույց է, քանի որ ունենք իրավիճակ, որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում նույն խնդրի վերաբերյալ առկա են տարբեր մոտեցումներ:

«ՄԻԵԴ դատական պրակտիկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ դատարանը հիմնավորում է իր իրավական դիրքորոշումները հղում կատարելով Ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի որոշումների վրա: Փերինչեքի գործի վերանայումը լավ առիթ է դատարանի համար եւս մեկ անգամ անդրադառնալ այս խնդիրներին, եւ ապահովել վերջնական որոշման համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած չափանիշներին եւ պատմական ճշմարտությանը»,- ասաց Վիգեն Քոչարյանը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղել էր մինչև մարտի 17-ը: Հայաստանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ գործի վերաբերյալ երրորդ կողմ ներագրավվելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում