Գյումրիում կանցկացվի Առաջին աշխարհամարտի 100 ամյակին նվիրված գիտաժողով
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության և պատմաբանների «Վիկտորիա» ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 8-ին Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում կանցկացվի Առաջին աշխարհամարտի 100 ամյակին նվիրված գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վիկտորիա» ակումբի նախագահ, պատմաբան Լիլիթ Ասոյանը, Առաջին աշխարհամարտի 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվելու են միջոցառումներ տարբեր վայրերում՝ Գյումրիում անցկացվողը կտարբերվի մյուսներից: Գիտաժողովի մասնակիցներին կներկայացվի նաև պատմական դեպքերը ներկայացնող տեսաֆիլմ, կբացվի ցուցահանդես: «Գիտաժողովը կարող ենք միջազգային համարել, քանի որ կլինեն նաև հյուրեր ՌԴ-ից և Վրաստանից: «Առաջին աշխարհամարտի հերոսները. հուշեր և հուշարձաններ Հայաստանում» խորագիրը կրող գիտաժողովի ընթացքում, բացի աշխարհամարտի մասին ներկայացնող զեկույցներից, անդրադարձ կլինի նաև հայերի համար շատ ողբերգական դեպքերին՝ Հայկական հարցին ու Ցեղասպանությանը: Զեկույցներ կլինեն ինչպես հայ, այնպես էլ ռուս ու վրացի պատմաբանների կողմից»,-տեղեկացրեց Լիլիթ Ասոյանը:
Կցուցադրվեն Առաջին աշխարհամարտի դեպքերը ներկայացնող «Մոսկվայի պատմության թանգարան»-ի կողմից տրամադրված արխիվային բացառիկ նյութերի վերատպությունները: «Բացի ռազմաճակատի ու թիկունքի կյանքը ներկայացնող ֆոտո և գեղանկարներից, կնեկայացվեն նաև բացառիկ փաստաթղթեր՝ ժամանակաշրջանին վերաբերող այդ թվում նաև ռուս վերջին կայսեր Նիկոլայ Երկրորդի հրաժարականի փաստաթղթի պատճենը, ինքնագրեր, լուսանկարներ, ծաղրանկարներ, պաստառներ կներկայացվեն նաև ռուս գեղանկարիչների աշխատանքները»,-նշեց Լիլիթ Ասոյանը:
Մինչ միջոցառումների մեկնարկը հյուրերը և գիտաժողովի մասնակիցները կլինեն «Պատվո բլուր»-ում, ծաղիկներ կդնեն հուշահամալիրի տարածքում թաղված 1853-1856 թթ. և 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհվածների հուշակոթողին: Ըստ տեղեկությունների, այստեղ հանգչում է ռուսական բանակի 156 սպա:
Արմենուհի Մխոյան