Պաշտոնական

Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նախատեսվող եռակողմ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են  նախատեսվող եռակողմ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,երկու երկրների նախագահները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և փոխշահավետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության մասին:

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև բարձր մակարդակով ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցությանը, երկու երկրների համար կարևորագույն հարցերում փոխադարձ աջակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում