Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության ձորագյուղցի փոխչեմպիոնը ջութակահար է

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը թանկարժեք հեռուստացույցով պարգեւատրեց այս տարվա օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության ժամանակ երկրորդ տեղը գրաված հայկական տանկային թիմի անդամ, հայոց բանակի ժամկետային զինծառայող, համագյուղացի Նարեկ Շառոյանին, ով փառավոր հաղթական բերկրանքից հետո այժմ հայրենի գյուղում ու հարազատների շրջանում վայելում է զինվորական արձակուրդը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Ձորագյուղի գյուղապետարանում Նարեկ Շառոյանին մեծարելու էին եկել համագյուղացիները` իրենց հիացմունքն արտահայտելով հայոց բանակի զինծառայողի նվաճած փառքի եւ ցուցաբերած արիության, կամքի ու եռանդի հանդեպ:

Համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը շեշտեց, որ Ձորագյուղը տարեկան հայոց բանակին տալիս է 40-50 զինվոր, ովքեր հիմնականում ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ ու տուն են վերադառնում ակնառու պարգեւներով, որոնցից մեկն էլ այսօր հայրենի գյուղին բերել է Նարեկ Շառոյանը:

Մեծարման եւ պարգեւատրման արարողությանը ներկա էին նաեւ Նարեկի հայր Հենզելը եւ պապ Միհրանը, որոնց նույնպես շնորհավորեց ու երախտագիտություն հայտնեց համայնքի ղեկավարը` նման հայրենասեր ու նվիրյալ զավակ ծնելու եւ դաստիարակելու համար:

Հայկական տանկային թիմի երրորդ տանկի վարորդ-մեխանիկ Նարեկ Շառոյանը համագյուղացիներին ներկայացրեց իր անցած զինվորական ծառայության մեկտարյա ճանապարհն ու արձանագրած հաջողությունները, մանրանասներ պատմեց տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունից: «Երբ մեր տանկի անձնակազմի մյուս անդամները կատարել էին իրենց առաջադրանքները եւ մնացած 2-3 կիլոմետրի հաղթահարումն արդեն կախված էր միայն ինձանից, ինձ ոգեւորելու համար մեր հրամանատարը ռուսերեն մի հուզիչ երգ հնչեցրեց, որը նվիրված է հայ ժողովրդի վեհությանն ու հարատեւությանը: Եվ ես առաջադրանքը կատարեցի անթերի, բարձր տրամադրությամբ, նպատակամղված: Մենք վերջնագիծը հատեցինք ռուսներից ընդամենը 20 վայրկյան ուշացումով: Իսկ երրորդ տեղ գրաված թիմը մեզանից ուշացավ մոտ 3 րոպե: Եթե մեր տանկը ռուսների տանկի հզորությունն ու հագեցվածությունն ունենար, անշուշտ, մենք այդ օրը կլինեինք անգերազանցելի»,-նշեց Նարեկ Շառոյանը:

Իր հպարտությունն արտահայտեց նաեւ հայրը` Հենզել Շառոյանը, ում երկրորդ որդի Արեգն արդեն երկու ամիս է, ինչ ծառայության է անցել հայոց բանակում: «Չիմանաք, թե որդիս վարորդ է եղել կամ տիրապետել է այդ մասնագիտությանը: Նա ընտրել է երաժիշտ-ջութակահարի մասնագիտությունը եւ բանակ է մեկնել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջից: Համոզված եմ, որ իմ երկու զավակներն էլ պատվով տուն կվերադառնան զինվորական ծառայությունից»,- ընդգծեց Հենզել Շառոյանը: Թոռան հաջողությամբ խանդավառված էր նաեւ պապը` 75-ամյա Միհրան Շառոյանը. «Ես ունեմ 15 տղա թոռ եւ ծոռ, նրանցից երեքն ավարտել են զինվորական ծառայությունը, երեքը ծառայում են, մնացածը դեռ դպրոցում են սովորում կամ նախադպրոցական տարիքում են: Կուզեի ապրել այնքան, որ տեսնեի ծառայած թոռներիս հարսանիքները, մյուսների ծառայությունը: Կոչ եմ անում իմ հայրենակից երիտասարդներին` ինչքան կարող եք, այնքան երեխաներ ծնեք, նրանք են մեր ազգի գլխավոր հարստությունը»,- եզրափակեց Միհրան Շառոյանը:

Նարեկ Շառոյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ստացած դրամական պարգեւի հաշվին գնած շքեղ ծաղկեփնջով էր դիմավորել իր մորը` Իրինային:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից