ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթներն իրականացնող ինքնաթիռը, որը Դուբայից թռչում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռում 30-35 տարեկան մի տղամարդու կողմից սկսած վիճաբանությունը:
Ինքնաթիռի` օդ բարձրանալուց հետո տղամարդը սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձրաձայն խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն կին ուղեկցորդուհիներ, վերջիններս ստիպված օգնության են կանչել տղամարդ ուղևորների: Ականատեսներից մեկը պատմել է, որ 6 տղամարդ դժվարությամբ են կարողացել հանգստացնել հարբած ուղևորին, իսկ ուղեկցորդուհիները նրան կապել են նստատեղին հնարավոր բոլոր միջոցներով` այդ թվում սրբիչներով ու ամրագոտիներով:
Ի վերջո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում: Օդաչուները ցանկացել են կռիվ հրահրած ուղևորին, ով Ադրբեջանի քաղաքացի է եղել, հանձնել Հայաստանի իրավապահներին, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունել: Փոխարենը հայ բժիշկները նրան հանգստացնող ներարկում են արել, ինչից հետո ադրբեջանցին քնել է: Ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է թռիչքը և երեք ժամ ուշացումով հասել է Մոսկվա:
Անկարգապահ ուղևորին Մոսկվայում ձերբակալել են: «Աերոֆլոտ» ընկերությունը առաջարկել է ադրբեջանցուն դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման: