Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանը հետաձգել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հարցը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս է եկել խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից` պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում տպագրվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ օրինագիծը կդրվի քննարկման մեկ շաբաթից: Մինչ այդ, այսօր նախատեսված է Հունաստանի վարչապետի ու փոխվարչապետի հանդիպումը, ովքեր պետք է քննարկեն օրինագիծն ու փորձեն հասկանալ տարակարծությունների պատճառը, մեղմեն դրանք ու օրինագծի շտկված տարբերակը ներկայացնեն խորհրդարանի քննարկմանը:

Հռիփսիմե Հարությունյանի փոխանցմամբ, այս հարցում շատ ակտիվ է նաեւ տեղի հայ համայնքը: Դեռեւս օրինագծի ներկայացումից 7 ամիս առաջ համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, անցկացրել քննարկումներ: «Բազմաթիվ խորհրդարանականներ դրական վերաբերմունք ունեն եւ կարծում են, որ ինչպես հրեական ցեղասպանության, այնպես էլ հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Վերջին պահին արդարադատության նախարարն օրինագծի քննարկումը հետաձգեց` պատճառաբանությամբ, որ խոսքի ազատության եւ սահմանափակման առնչությամբ հնչել են որոշ տարակարծություններ եւ այդ խոչընդոտները հարթելուց հետո միայն օրինագիծը կքննարկվի»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ հայ համայնքը լուրջ աշխատանք է կատարում` հենվելով այն փաստի վրա, որ Հունաստանի խորհրդարանը 1996թ. ճանաչել եւ դատապարտել է 1915թ. Հայոց ցեղասպանությունն ու այն ընդունել հիշատակի օր:

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարության նախաձեռնությամբ երկրի երեք մեծ քաղաքներում կազմակերպվում են հիշատակի ոգեկոչման արարողություններ: Հետեւաբար, այս ամենը հաշվի առնելով, պետք է նաեւ քրեականացվի ցեղասպանության ժխտումը, ինչպես դա արվում է Հոլոքոսթի պարագայում»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը` հավելելով, որ համայնքում լիահույս են, որ արդարությունն ու բարոյականությունը պետք է հաղթանակեն, և մեկ շաբաթից խորհրդարանականները պետք է ընդունեն օրինագիծը: Հարությունյանի խոսքով, համայնքում ուշադրությամբ հետեւում են բոլոր զարգացումներին եւ անմիջապես արձագանքում:

Օգոստոսի 22-ին Հունաստանի խորհրդարանի օրակարգ էր բերվել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել էր, որ «Այլատյացության դեմ» օրենքում ավելացվել է Պոնտոսի հույների, հայերի եւ Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ, կքրեականացվի նաեւ հունական եւ միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը», -ասել է հույն նախարարը:

Օրինագիծը Հունաստանի խորհրդարանում պետք է քննարկվեր օգոստոսի 26-27-ին տեղի ունենալիք նիստում:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին

Պակիստանը խոստացել է Սաուդյան Արաբիան հութիներից պաշտպանել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով

Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ

Հայաստանում փակ ավտոճանապարհներ չկան

Բուհ-մասնավոր հատված համագործակցություն․ Երեմյան ընկերությունը ԵՊՀ-ում բացեց հատուկ լաբորատորիա

Եվրոպական ինդեքսներ - 29/09/26