ՉԻՆԱՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները` հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից:
«Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել: Փորձում ենք պարզել` ինչպես է դա տեղի ունեցել»,-ասաց Սաղոյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել են, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի ճշգրտող հարցին` Չինարիի գյուղապետը հստակ նշեց, որ գերեվարվածը Արտուշ Պետրոսյանի որդին է` Կարենը, ով 31 տարեկան է: